հատել, ես հրապարակական դասախոսություն եմ կարդալու այդ մասին։ Այսպիսով, ժողովը տեսնում է, որ մենք բարեկամ ենք եղած, և իմ վրդովմունքն ու բողոքը չեն բխում ոչ կուսակցությունից, ոչ թշնամությունից։ Ինչ վերաբերում է նրան, թե Մեսրոպին ինչու չեն դատում, եթե նա էլ է հանցավոր՝ բերեք դատենք նույն անաչառությամբ։ Եթե Կարապետի դեմ մի հոդված եմ գրել, նրա դեմ երկուսը գրեմ, թեև այս րոպեին էլ նրա հյուրն եմ։
Հիմի նայեցեք թե Հ. Ա. ինչպես է պատմում այս դեպքը «Մշակի» մեջ։ Առանց հայտնելու, որ ինքն է տվել պատճառը, դուրս է բերում, որ ես ինձ ու ինձ վեր եմ կացել և ժողովում հայտարարել, թե «Կարապետ եպիսկոպոսը իմ անձնական բարեկամն է, ես նրան հարգողներիցն եմ, նա ևս ինձ հարգում է և բարեկամս է, ապացույց հենց այն, որ երբ նորերս Թիֆլիս էր եկել, նա եկավ «Հորիզոնի» խմբագրությունը և ցավ հայտնեց, որ հայ ժողովուրդը ինձ, բանաստեղծիս, այնպես չէ գնահատում, ինչպես հարկն է (Ձայներ ժողովի միջից. ի՞նչ կապ ունի այդ խնդրի հետ»․ ծիծաղ). «Մշակ», № 188։ Եվ այս դեռ նրա այն պատմածներիցն է, որի մեջ գոնե մի երկու բառ կա իմ ասածներից: Դուրս է բերել մասխարություն, ծիծաղն էլ կպցրել պոչիցը։ Ճշմարիտ որ իմ ծիծաղն էլ է գալի, երբ տեսնում եմ այսքան անուղղելի մի մարդ, միշտ նույնը, միշտ նույնը։ Եվ սրա համար և՛ գրականություն, և՛ գիտություն, և՛ մամուլ մասխարություններ են։
Այնուհետև ես պատասխանել եմ Բենիկ և Արտակ վարդապետներին։ Եվ ինչ լավ է, այն թուղթը, որի վրա նշանակել եմ պատասխանելիք կետերը, մոտս է մնացել։ Բենիկ վ<արդապետի> այն խոսքերին, թե մենք եկել ենք դատապարտելու Կարապետ եպիսկոպոսին, պատասխանել եմ, թե մենք չենք, որ այժմ պիտի դատապարտենք Կարապետ եպիսկոպոսին․ նա արդեն դատապարտված է, այժմ պետք է արդարանա, եթե կարող է, և ամենից շատ ես ու Լեոն կլինենք ուրախ ու ամենից առաջ «Հորիզոնը» կհայտարարի այդ մասին։ Հրաժարականը բերեք կարդացվի ժողովի մեջ, թող բացատրություններ տան, խնդիրը պարզվի, թեկուզ ինտելիգենտ