վրա, և կուզենայի, որ նրանք անողոք լինեին դեպի հանցավորը — ես կլինեմ այն, թե Հ. Ա.։
Ինչ վերաբերում է Հ. Առաքելյանի արած բնորոշ աղմուկին ու շեղումներին, այդ մասին հետո։ Եվ վերջին խոսք չի լինիլ իմը։ Գուցե Հ. Ա. ճշմարիտ է ասում, որ ես «երբեմն» էի բանաստեղծ, և գուցե, ճշմարիտ, այն ծանր օդում, ուր շնչում են հ. առաքելյաններ — բանաստեղծությունը չի կարող շնչել ու ապրել և պետք է լռի վերջապես, բայց գոնե բողոքի ու զայրույթի ձայնը, ընդդեմ ստության, վատության ու կեղծիքի, չպետք է լռի։
Իսկ առայժմ դեպի դատարան, պ. Հ. Առաքելյան։
ՃԵՄԱՐԱՆԻ ԵՎ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳՐ. ՉԱԼԽՈՒՇՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
«Մշակի» № 3-ում պ. Գր. Չալխուշյանը մի հոդված է գրել հետևյալ վերնագրով՝ «ճեմարանի և թեմական դպրոցների այժմյան վիճակը արժանի է մեր ամենալուրջ ուշադրությանը»։ Եվ այս հոդվածը արժանի է մեր ամենալուրջ ուշադրությունը։
Պ. Չալխուշյանը այս նշանավոր հոդվածի մեջ գրում է թե «...ազգը իրավունք ունի սպասելու և պահանջելու, որ ճեմարանը և մեր հոգևոր դպրոցները ճեմարան և հոգևոր դպրոցներ մնան կամ... փակվեն»։ Ասում է՝ ով չի ցանկանում պատրաստվել հոգևորականի կոչման, նրան կարիք չկա մտնել ճեմարան, մտնել թեմ<աական> դպրոց։ Եթե ոչ, եթե ճեմարանը կամ թեմական դպրոցները գիմնազիաներ են համալսարան մտնելու, բժիշկ և փաստաբան մեզ տալու համար, ազգը կարիք չունի բնավ իր լուման տալու՝ պահպանելու համար հոգևոր դպրոցներ, ոչ մի առնչություն մեր հոգևոր դպրոցների հետ չունեցող։ Եվ իր հոդվածի վերջում հայտարարելով, որ մեր ազատամիտները չեն ընդունում կրոն, հավատ, եկեղեցի, անգամ ազգ... Այդ ազատամիտները, ասում է, ոչինչ չունին սպասելու մեր հոգևոր դպրոցներից,