Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դինջ հանգստանալիս՝ ասածներս մտքըներդ բերե՛ք» («Վերք Հայաստանի2»)։

Նվերները կարելի է ուղարկել «Հասկերի» խմբագրությանը կամ «Հորիզոն» լրագրին։

ԳՐԱԿԱՆ ՖՈՆԴ

Ինչ խոսք, որ Լեոն պետք է գտներ ու հայտարարեր Հայոց տպագրության չորսհարյուրամյակը՝ ինչպես և արավ երեկվան «Հորիզոնում»։ Եվ ահա առաջներս է այդ մեծ կուլտուրական տոնը՝ ընդհանուր հայոց գրականության տոնը, մեծ հիշատակների, հոյակապ գործերի, փառավոր անունների տոնը։ Տոնը այն ամեն նվիրականի ու վսեմի, ինչ որ կարողացել է տալ և տվել է հայ ազգը։ Բարձր ու լուրջ խորհրդածությունների առատ ու գեղեցիկ նյութ։ Եվ անկասկած շատ խոսք կլինի այդ տոնի նշանակության ու հայոց գրականության վրա, բայց չորս հարյուր տարուց հետո՝ հայոց տպագրությունը, հայոց գրականությունը ինչ խնդիրներ, ինչ հոգսեր է հանում մեր առջև։ Սրանց հանդեպ էլ պետք է լինեն այն առաջարկությունները, որոնց մասին խոսում է մեր ընկերը։

Այդ խնդիրներից, այդ հոգսերից մեկը, թերևս, կենտրոնականն ու մեծը այն է, որ աշխարհքի ամեն ծայրում հայ գրողը չի կարողանում նվիրվել գրականությանը և իր գործով պարապում է ի միջի այլոց։ Հույս էլ չկա, որ կփոխվի այդ դրությունը, որովհետև պատճառը շատ է հիմնական․ ազգը փոքր է, ընթերցող հասարակությունը քիչ է, գրականության շուկան սահմանափակ։ Այս տեսակ փոքր ազգերի մեջ գրականությունը միշտ պահվում է անհատի, հասարակության թե պետության արտաքին միջամտությամբ ու օժանդակությամբ։ Մեր մեջ էլ մի քանի անգամ հրապարակավ խոսք է եղել՝ գրականությունն ապահովելու մի ձև գտնել, բայց միայն խոսք է եղել և երբեք գործի չի անցել։ Այժմ պատեհ ժամանակ է և գրական այս համազգային տոնին հեշտ կարելի էր մի անգամ ընդմիշտ վճռել այդ հին խնդիրը՝