հիմնելով ու հաստատելով մի ուժեղ գրական ֆոնդ։ Ընդհանուր հայոց ազգի հիմնած մի ուժեղ ֆոնդ՝ հայոց գրականության համար։ Այդ ֆոնդը կփոխեր հայոց ամբողջ գրականությունը, կյանքի քմահաճույքներից կազատեր տաղանդավոր մարդկանց, խանգարված հներին գործի կդներ, սկսնակ նորերին ուժ կտար ու առաջ կքաշեր։ Դա կլիներ առաջիկա մեծ տոնի ամենագեղեցիկ հավերժացումը։ Եվ անպատճառ պետք է լինի այդ համազգային հոգացողությունը եթե ճշմարիտ է, որ ամբոխներն ու ժողովուրդները գրականությամբ են ազգ դառնում ու մտնում կուլտուրական ազգերի շարքը, եթե գրականությունը ազգի հոգին է, եթե նրա փառքն ու պարծանքն է, ինչպես հայտնի է լուսավոր աշխարհքներում ամեն օր, իսկ մեզանում կրկնվում է հոբելյանների ժամանակ։
ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐԵԼԻՆԵՐԸ
Մոտենում է կաթողիկոսի ընտրության օրը։
Մինչև այժմ պարզված պիտի լինեին ընտրելիների պատկերները ընտրող ժողովրդի և նրա ներկայացուցիչների համար, բայց գրեթե նույն անծանոթության մշուշն է կանգնած մեջտեղը, որ կար տարվա սկզբին։ Տարվա ընթացքում տաճկահայ հոգևորականներից հրապարակ են դրվել Դուրյան և Օրմանյան սրբազանների անունները, իսկ ռուսահայ հոգևորականներից առաջ են բերվել տեղակալ Գեորգ արքեպիսկոպոսի, Սուքիաս արքեպիսկոպոսի, Մեսրոպ եպիսկոպոսի, Խորեն եպիսկոպոսի և Բագրատ վարդապետի անունները։ Տաճկահայ թեկնածուներից Դուրյան սրբազանի անունը, չգիտենք ինչու, շատ քիչ են տալիս այժմ, իսկ Օրմանյան սրբազանի վրա բարձրացրած աղմուկը ոչ մի օգուտ չտվավ նրան, այլ ընդհակառակը՝ վնաս, և այս հանգամանքի հետ միասին եթե առնենք նաև այն մեղադրանքները, որ բարդվում են նրա վրա և այն դատը, որի տակ գտնվում է նա և որը դժբախտաբար դեռ չի տեսնված, ապա կտեսնենք, անհիմն չէ, եթե ժողովրդի ուշադրությունը կենտրոնանում է ռուսահայ ընտրելիների վրա։