Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գովում է Կարապետ եպիսկոպոսին։ Եվ երկուսն էլ՝ Ձերքեզյանն էլ, Տեր-Մինասյանն էլ գիրք են հրատարակել իրենց պաշտպանյալների համար, միաժամանակ անդադար շարունակելով պրոպագանդը մամուլի մեջ։

«Մշակի» մեջ հենց նոր վերջացավ Ե․ Տեր-Մինասյանի մի ընդարձակ հոդվածը «Առաջիկա հայրապետական ընտրությունների առիթով» վերտառությամբ, որ միաժամանակ տպվում էր և Պոլսի «Բյուզանդիոն» թերթում։ Պ<արոն> Տեր-Մինասյանը իր այդ հոդվածում մի քանի տեղ հավատացնում է, որ խոսում է որպես ամենքին «բարեկամ», որպես «անկուսակցական», որ միայն մի նպատակ ունի—կամենում է «ճշմարտությունը պարզել» և «մեծ մոլորություն ու ծանր հանցանք» է համարում ոչ թե արժանավորին, այլ իր կուսակցության պաշտպանածին ընտրելի համարելը։ Այսպես է երդվում մարդը, և որովհետև ինքը զարգացած մարդ է, անշուշտ հասկանում է, թե ինչ է ասում ու ինչ է անում։

Այժմ տեսնենք։

Առանձին-առանձին կաթողիկոսության ամեն մի թեկնածվի մասին խոսելիս Օրմանյան եպիսկոպոսի արժանիքներն այնքան հանրածանոթ ու բազմակողմանի է գտնում, որ խոսելն էլ ավելորդ է համարում («Մշակ», № 207)։

Կարապետ եպիսկոպոսի գերազանց կրթության պատմությունը մանրամասն անելով, չի մոռանում հիշատակելու, որ նա մինչև անգամ կարճ ժամանակով եղել է Փարիզում («Մշակ» № 211)։

Սուքիաս արքեպիսկոպոսը, որ Էջմիածնի հին ժառանգավորաց դպրոցումն է ստացել իր կրթությունը, ասում է «աչքի է ընկնում իր գիտությամբ» և այդ գիտնականությունը ավելի անկասկածելի հռչակելու համար գրում է՝ «բավական է այստեղ միայն հիշել, որ նա մեծացել, ուսումն ստացել ու զարգացել է հանգուցյալ Մակար կաթողիկոսի անմիջական հսկողության ներքո…» («Մշակ» № 206)։

Կյուլեսերյան եպիսկոպոսը, որ եղել է Արմաշի դպրեվանքում, նա էլ «գիտուն բանասեր է», հասկանում է ինչ է պատմությունն ու եկեղեցին («Մշակ» № 210)։