Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այս երդվյալ «անկուսակցականը» մյուսներին գալով տեսեք ինչ է անում։

Մեսրոպ եպիսկոպոսի մասին խոսելիս ամենևին չի էլ հիշատակում, թե նա եղել է մի որևէ դպրոցում։ Այդ հերիք չի, անցողակի թևատակ է առնում նույնիսկ նրա մագիստրոսությունը ու ասում է՝ «Անծանոթ է նաև հայոց եկեղեցու պատմությանը, ուրեմն չի ըմբռնում նրա կատարած դերը անցյալում, և կատարելիք դերը ներկայում և ապագայում» («Մշակ» N 206)։

Այստեղ ես դառնում ու հարցնում եմ նույնիսկ պ. Տեր-Մինասյանի համախոհներին ու բարեկամներին։ Մի՞թե կարող է պատահել, որ Էջմիածնի նախկին միաբան Ե. Տեր-Մինասյանը չգիտենա, թե Մեսրոպ եպիսկոպոսը վերջացրել է Շուշու թեմական դպրոցը, Ներսիսյան դպրոցը, Ռևելի գիմնազիայի ավարտման վկայական է առել և Դորպատի համալսարանն է ավարտել։ Եվ մի՞թե այսքան միջնակարգ ու բարձրագույն կրթական հաստատությունները Արմաշի դպրեվանքի կամ Մակար կաթողիկոսի հսկողության չափ արժեք չեն կարող ունենալ։

Մուրադբեկյան եպիսկոպոսի մասին խոսելիս նույնպես չի հիշում, թե եղել է որևէ դպրոցում, ինչո՞ւ, որովհետև, ասում է, նրանով չեմ զբաղվում, բայց կարևոր է համարում հավատացնելու, թե «նրա անունը գաղտնի անկյուններում ամաչելով են տալի» և կամ թե նա «ենթակա է ամենին հաճո լինելու աննախանձելի թուլության»։

Արմաշի վանքը, որ Կյուլեսերյան եպիսկոպոսին դարձրել է «գիտուն բանասեր», այլև պատմությանն ու եկեղեցուն հմուտ հոգևորական, հենց որ բանը հասել է Դուրյան եպիսկոպոսին՝ խավարել է։ Եվ թեև Դուրյանն էլ նույն դպրոցիցն է դուրս եկել ու մինչև անգամ տեսուչ է եղել այնտեղ, հոդվածագիրը գտնում է, որ «նրա մասին ասելու շատ բան չկա», և եթե մի բան կա, որ «արդարությունը պահանջում է» ու պ. Տեր-Մինասյանն էլ «խոստովանում է» այն է, որ Դուրյանը «քաջություն է ունեցել», բայց գիտե՞ք ինչ քաջություն «պաշտոնի մեջ իր անկարողությունը խոստովանելու...» («Մշակ» N 205)։