Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Ի՞նչ եք կարծում, ո՞վ էր գողացել այդ ապրանքը։— Անպատճառ տանուտերը կամ տանուտերի սեփական գողերը։

Դեհ, գնացեք բողոքեցեք այսպիսի տանուտերից, տեսնեմ ինչ կտանեք ձեր տունը։ Աղաներից ամենամեծերը սրանց հովանավորներն են, որովհետև սրանք ավելի յուղալի են, քան հասարակ գյուղացին։

Սակայն ժողովուրդը բողոքում է կառավարիչների ու դատաստանատների դռներին չոքած։ Բայց չկարծեք, թե նրա բողոքը արդարություն է պահանջում։ Ո՛չ, այդ դեռ շատ հեռու է այսքան ընկած մի ժողովրդի հոգուց։ Այդ բողոքողն էլ մի ուրիշ կուսակցություն է, դա էլ մի ուրիշ տանուտեր է ուզում, որ գուցե ավելի վատթար լինի, քան առաջինը։

Տվեք այդ արդարության անունով բողոքողներից ամենաթունդին թեկուզ մի գզրի պաշտոն և կտեսնեք, թե ինչ պտուղ է կամ ինչ է նշանակում նրա բերանում «արդարությունը»։

Թողեք մարմնավոր իշխանության դռները, ձեզ ուրիշ աղմուկ ցույց տամ. տերտերների և տերտերացու տիրացուների գործեր։

Մի որևէ 10—20 տուն աղքատ, ողորմելի գյուղացիներ, համախոսական թերթ կազմած, դիմում են հոգևոր իշխանությանը, թե մեզ վրա քահանա ձեռնադրեցեք այսինչ տիրացվին։ Համախոսականի մեջ հավատացնում են, որ ամեն կերպ ապահով է իրանց ապագա քահանան, և խոստանում են ամեն բան տալ։ Քահանայացուն էլ գոհ է։ Այս խնդրի ետևից քարշ են գալիս սինոդի, կոնսիստորիայի ու հոգևորականների դռներին, էլ հանգստություն չեն տալիս, անդադար կրկնելով իրանց սովորական սպառնալիքը, «եթե չձեռնադրեք—կթուրքանանք»։

Մյուս կողմից էլ տիրացուն է փորը գետինը քսում, աղաչում, պաղատում, արաղ խմացնում, միջնորդներ գցում, ունեցածը ծախում, կաշառքներ տալիս, պարտքի տակ ընկնում… վերջապես ձեռնադրվում է։

Հիմի ինչ անենք։

Ի՞նչ ուտի տեր հայրը, ինչով պահենք, ինչով գոնե մի փարաջա առնի իրան համար, որտեղից տա հոգևոր իշխանության

33