ամենաառաջին ընտրյալներից մինը կհամարեր պ. Տեր-Մինասյանը։ Այնուամենայնիվ, ծանոթ լինելով նրա առողջությանն ու ամուր կազմվածքին, համարում է ամենաառաջին ընտրելիներից մինը, մանավանդ նա 5 տարում ավելի շատ բան կանի, քան ուրիշները 15 տարում («Մշակ» N 206)։
Դուրյան արքեպիսկոպոսի մասին ասում է՝ գրում են, թե նա անտիպ գրվածքներ ունի։ Մենք ի՞նչ իմանանք, թե նա ինչ ձեռագիր գրվածքներ ունի սնդուկներում։ Իսկ Սուրենյան արքեպիսկոպոսի դեմ խոսելիս դիմում է անտիպ ձեռագիրների։ Հանում է հասարակության անծանոթ մի ձեռագիր, Վահան վարդապետ Բաստամյանի անտիպ ձեռագիր «Տարեգրությունը», որ միայն իրեն և ոմանց է հայտնի, ու ասում է մեջը շատ վիրավորական բաներ կան գրած Սուրենյան սրբազանի վրա, բայց առաջ չի բերում նրան անհուն վիշտ չպատճառեյու համար։ Նույն ձեռագիրն է բերում Սուրենյանի ժամանակակից պահանջների անհամապատասխան կրթությանը վկա, նույն ձեռագրին է դիմում նրա անընթերցասիրության մասին խոսելիս։ Ես գրազ կգամ, ինչով կամենաք, որ այդ նույն ձեռագրի մեջ, որի մեջ հանված են Էջմիածնի հին միաբանների կյանքը և վարքն ու բարքը, շատ բան կա ասված և Սուքիաս արքեպիսկոպոսի մասին, բայց խոսքը հենց նրան է գալիս թե չէ, այդ ձեռագիրը դարձյալ սնդուկն է մտնում ու չկա։
Պ<արոն> Ե. Տեր-Մինասյանը մի քանի անգամ գրել է, այժմ էլ կրկնում է, թե Մեսրոպ եպիսկոպոսը Մենշիկովին ասել է, թե՝ եթե հայ ու հունադավան եկեղեցիները այսօր մին չեն, պատճառը տգիտությունից առաջացած համառությունն է։ Եվ ահա այսօր էլ կրկնելով նույնը, դնում է իր խիստ որոշումը. «Այսքանը բավական է կարծեմ, որ նրան կաթողիկոս չընտրեն»։ Ասում են, ասել է, և այսպիսի դատավճիռ։ Իսկ Օրմանյան արքեպիսկոպոսի մասին խոսելիս հենց ինքը առաջ է բերում որպես փաստ, թե զատկին Օրմանյանը այցելեց հունաց պատրիարքին ու հիացրեց հույներին մի ճառով, որով նա շեշտում էր ոչ թե հայոց ու հունաց եկեղեցին իրարից բաժանող, այլ միացնող կողմերը»