Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարապետ եպիսկոպոսը, որ Գերմանիայում է սովորել, դուրս է եկել, որ խոսում է ռուսերեն ու հիացմունք է ազդում, իսկ Մեսրոպ եպիսկոպոսը, որ Ռուսաստան է սովորել ու Պետերբուրգ է ստացել իր մագիստրոսությունը, նրա ռուսերեն գիտենալը համարում է կասկածելի։

Թուրք-հայկական ընդհարումներին Կարապետ եպիսկոպոսն է գնացել Նախիջևան կամ այլուր, «քաջ հովիվ է իր հոտի թշնամիների գնդակների առաջ աներկյուղ գնացող», իսկ եթե նույն օրերում Մեսրոպն է գնում նույն գյուղը կամ քաղաքը... պապանձում։

Կարապետ եպիսկոպոսի ցուցակ ծառայությանը կազմելիս, թվում է, թե քանի պաշտոնի մեջ է եղել ու հանձնարարություններ է կատարել սկսած ուսուցչությունից մինչև այսօրվա Ատրպատականի առաջնորդությունը, իսկ Մեսրոպի կատարած հանձնարարությունների կամ պաշտոնների մասին լռություն, բացի տեսչության պարսավանքը, և ոչ մի խոսք, թե նա վերջին երկու կաթողիկոսների կարևոր բանակցությունների ժամանակ նրանց ներկայացուցիչն է եղել Կովկասի բարձր կառավարության առաջ և կամ թե չէ այսօր Էջմիածնի Սինոդի անդամն է։

Ավելի մազալու է, երբ այս երդվյալ «անկուսակցականը» խոսում է ներբողած թեկնածուների պակասություններից։ Մյուսները կարծեմ ոչ մի պակասություն չունեն, միայն Սուքիաս եպիսկոպոսն է, որ երկու պակասություն ունի, այն էլ այսպես.

Ասում է. «Արդի ժամանակակից պահանջների հանդեպ գուցե Սուքիաս արքեպիսկոպոսը իրան անհարմար դրության մեջ զգա, հատկապես մեր պահանջած նոր հոգևորականությունը պատրաստելու խնդրում, չկարողանա անմիջապես ուղիղ ճանապարհը գտնել, բայց այդտեղ էլ նրա ուսումնասիրությունը և լայնախոհ շրջահայեցողությունը մեզ համար գրավական կարող են լինել, որ նա վերջ ի վերջո ուղիղ ճանապարհ կգտնի»։ Ուրեմն այս մի պակասությունը, որ կարող էր ունենալ և չունի։ Կարող էր ուղիղ ճանապարհը չգտնել, բայց կգտնի։ Մյուս պակասությունն էլ այն է, որ դժբախտաբար նա 74 տարեկան չլիներ, նրան անպայման