Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդը չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն։ Խոսում էինք և հոգիների փոխադարձ հաղորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում և ազդում են ամեն տեղ ու ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկն են զգում ու հասկանում։ Եվ մեր մեջ, համարելով մեզ էլ այդ տեսակի մարդիկ, շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից։
Ահա այդ դեպքերից երկուսը. մինը թե ինչպես նա ինձ տեսավ վտանգի մեջ, մյուսը՝ թե ինչպես ես տեսա նրա մահը։
Սրանից տասը տարի առաջ, 1902 թվականին, ես Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերության խմբագրության մասնաժողովի մեջ էի։ Գարնանը մի գիշեր, երբ հավաքվել էինք խմբագրական մասնաժողովի նիստին, մի անակնկալից ես հանկարծ ընկա։ Կես գիշերին ինձ բերին մեր տունը։ Դրությունս այդ գիշեր սաստիկ ծանրացավ, բայց, իհարկե, այդ ժամին ամենքը քնած էին ու ոչ ոք էլ բան չէր կարող իմանալ։ Գիշերվա մի ժամին մեր զանգը տվին։ Գնացին, եկան, թե՝
― Աղայանն է կանգնած ներքևը մթնում, քեզ է հարցնում։
Դուրս եկա հարցնեմ՝ ինչ կա, ինչ է պատահել։
― Դե՛ լա՛վ, լա՛վ… հետո… Ձայն տվեց ներքևից ու գնաց։
Առավոտը եկավ, դեմս կանգնեց ու զարմանք հայտնեց, թե ինչպես է, որ ես կենդանի եմ։ Պատմեց ու նկարագրեց, նկարագրեց ամենայն ճշտությամբ, թե ինչ դրության մեջ էր տեսել ինձ գիշերը։ Նրա համար էր վախեցել ու եկել անժամանակ, համոզված, որ ինձ անպատճառ մի դժբախտություն է պատահել և զարմանում է, որ ոչինչ չի պատահել։
Ես եղածը ծածկեցի նրանից մինչև մի քանի օր անցավ։
Մի ուրիշ անգամ ես տեսա նրան։ Տեսա թե ինչ պատահեց նրա հետ, ես էլ վախեցած շտապեցի նրա մոտ, բայց այլևս չէի կարող նրան պատմել…
Այդ անցյալ տարի, ուղիղ մին էլ այսօր, հունիսի 20-ի