առաջարկել են հայոց դպրոցն ու գրականությունը ապահովելու անհրաժեշտ գործը։
Եվ, ահա, էսօր, մեծ տոնի օրը, էդ ցանկությունները մարմին առած կանգնած են հայ ժողովրդի առջև, ու դարերի խորքից նրա վրա նայում են Մեսրոպներն ու Սահակները, Խորենացիներն ու Եղիշեները, Նարեկացիներն ու Շնորհալիները, նրանց միջնադարյան ու նոր ժամանակների հաջորդները, նրանց պայծառ գործի բոլոր գործակիցները։ Նայում են նրանց անմահ հայացքները, իսկ մենք խոսքից անցնում ենք գործի։
Բացված է գործի ասպարեզը։
Արդեն բացված է Հայ գրողների ընկերությունը։ Վերջապես իրականություն է դառնում մեր լավագույն գրական հասարակական գործիչների վաղեմի իղձը՝ համախմբված տեսնել հայ մտքի ու գրչի մշակներին։
Այսպիսով հայ գրողն այսօր ունի հիմնարկություն, որին նա կարող է ապավինել կարիքի ժամանակ և մի ժամադրավայր, ուր հայ գրականության հարցերն ու խնդիրները կարող են պարզաբանվել ու հանգել բանավոր լուծման։
Վարչությունս հայտարարելով ընկերության բացումը՝ սրտագին կոչ է անում հայ գրականության բոլոր ճյուղերի — գեղարվեստական գրականության, գիտության և հրապարակախոսության ասպարեզում զործողներին, ուր էլ նրանք լինեն, համախմբվելու նորակազմ ընկերության շուրջը և միահամուռ ուժերով նվիրվելու ազգային գրականության բարգավաճման։
Անդամագրվել ցանկացողը պետք է գրավոր հայտնե վարչությանս իր ցանկությունը և տեղեկություններ տա իր գրական գործունեության մասին, թե ինչ առանձին աշխատություն ունի և կամ որ թերթին է աշխատակցել։