Տարեկան անդամավճարն է 5 ռուբլի, որ կարելի է վճարել առաջին երեք ամսվա ընթացքում։
Վարչության հասցեն՝ Кавказское общество писателей:
- армян, Тифлис, Бебутовская 25
- Վարչության նախագահ՝
- Հովհ. Թումանյան
- Անդամ քարտ<ուղար>
- Գյուտ քհ. Աղանյան
Բացվեց Կովկասի հայոց Գրական ընկերությունը և, չնայելով իր միանգամայն չեզոք, բարձր ու լայն բնավորությանը, սա էլ իր ծննդյան շնորհավորանքների հետ միաժամանակ ենթարկվեց մեզանում հարձակումների ու վիրավորանքների։
Դեռ նոր էր վերջացել ընկերության առաջին ընդհանուր ժողովը, որ պ.պ. Հակ. Գենջյանը և Սեդրակ Թառայանը սկսեցին իրենց հարձակումները ընկերության դեմ («Մշակ» № 245 և «Ընկեր» 21 հոկտեմբերի)։
Հրատարակեցին, թե «Խաթաբալան», «Հովիտը», «Տարազն» ու «Մշակը» չեն մասնակցում ընկերությանը։ Ապա թե Շիրվանզադեն հայտարարեց, թե հեռու է պահում իրեն ընկերությունից («Баку» № 245)։
Եվ էս ամենը էն ժամանակ, երբ դեռ նոր է բացվել ընկերությունը և տակավին չեն վերջացել բացման շնորհավորությունները։
Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, ի՞նչ են ասում նրանք։
«Մշակը» (№ 248) ասում է. հիմնադիրները կուսակցական ոգով շարժվեցին, փոխանակ իսկական գրողներին հրավիրելու և անդամ ընտրելու ինքնաբերաբար (?), դիմեցին քվեարկության եղանակին, որ ընտրեն նրանց, ում հարկավոր կհամարեն։