Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Հայոց գրական ընկ<երության> մեջ ընտրական քվե չստացավ»։

Ի՞նչ է արդյոք սրա անունը, մի՞թե մի մարդ կգտնվի, որ կարողանա մի որևէ մխիթարական բացատրություն տալ էս երևույթին և մի՞թե հնարավոր են նման դեպքերը շատից քչից իրեն ճանաչող, իր գիրն ու գրականությունը հարգող հասարակության մեջ...

Հավատացնում են, թե կուսակցական է ընկերությունը։ Մի ակնարկ, միայն մի ակնարկ ընկերության հիմնադիրների, ընդհանուր ժողովի թե վարչութչան կազմի ցուցակին, ասում եմ՝ միայն մի ակնարկ, և բավական է, որ ամեն մարդ համոզվի, թե ինչ անորակելի անբարեխղճության են հասցնում գործը էդ անտանելի հակառակորդները իրենց չար ու փոքրիկ կրքերով։

եվ էս ամենը Հայոց առաջին գրական ընկերության հենց առաջին քայլերի հանդեպ...

Եվ էս բոլոր չար խոսքերն ու չար մտքերը բնականաբար հանգում են ևս ավելի չար ու դաժան մի եզրակացության, որ «Каспий»-ից առնելով ամենայն լրջությամբ հրապարակ է հանում «Մշակը», թե՝ Հայոց գրական ընկերությունը պետք է կործանվի...

Ո՛չ, չպետք է կործանվի Հայոց գրական ընկերությունը։ Քանի որ մի երկրում, մի հասարակության մեջ էդ տեսակ մարդիկ կան, էդ տեսակ մամուլ ու էդ տեսակ վերաբերմունք կա դեպի գրողն ու գրականությունը, նա, ընդհակառակը, պետք է հաստատուն կանգնի, մեծանա, ուժեղանա, հարազատ ու տաք օջախ դառնա հայոց հալածական գրականության համար, ամուր նեցուկ ու պաշտպան դառնա հայոց խանգարված գրողի համար և բարձր պատվար ամեն չարության ու հալածանքի հանդեպ։

Եվ նրա հարկի տակ պետք է հավաքվեն բոլոր նրանք, որոնք երազում ու ձգտում են տանելու հայ ժողովրդին դեպի գեղեցիկը, ազնիվն ու կատարյալը։