Պ<արոն> Գենջյանը և հայոց գրողներին ու գործիչներին նման ձևերով պատվող պարոնները պետք է իմանան, որ Հայոց գրական ընկերությունը, նույնիսկ իր կանոնադրությամբ, երբեք չպետք է հրապարակ բերի էն գրողի, գիտնականի կամ հրապարակախոսի անունը, որը երբևիցե նպաստ կստանա, ո՞ւր մնաց նրանց հռչակի «անօրինակ թշվառներ» ու նրանց վերարկուները «չքավորության դրոշակներ»։
Վերջ պետք է լինի սրան։
Այլև պ. Գենջյանը պետք է զգուշանա Հայոց գրողների ընդհանուր ժողովի հասցեին գործածելու այնպիսի դարձվածքներ, որ անվայել են ու անթույլատրելի, մանավանդ նույն ընկերության անդամի բերանում։
Տիկիններ և պարոններ.
Բաց ենք անում Հայոց գրական ընկերության առաջին երեկույթը։ Հայոց գրական ընկերության երեկույթները լինելու են էն ժամադրավայրը, ուր գալու, հավաքվելու են հայոց մեջ գրականության, գիտության և հրապարակախոսության ասպարեզում գործողները, այլև գրականությունը սիրողները և ունենալու են լուրջ ու շահեկան զրուցատրություններ ու խորհրդածություններ հաճելի ժամանցի հետ միասին։ Մենք շատ ենք ցրված ու հեռացած իրարից։ Ցրված ու հեռացած ենք իրարից և համոզմունքների ու հայացքների տարբերությամբ, բայց ավելի շատ թյուրիմացությունների ու անծանոթության պատճառով։ Այժմ մենք կունենանք ամենքիս հարազատ մի անկյուն, ամենքիս սեփական մի օջախ, ուր կգանք, կհավաքվենք միասին։
Կխոսենք, կմտածենք, կխորհրդածենք, թե ո՞վ ենք մենք, ո՞րտեղից ենք գալիս, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ունենք, որ կարող ենք կատարելագործել ու հանդես բերել և ի՞նչ չունենք, որ պետք է ուրիշներից առնենք ու սովորենք, և թե ինչո՞վ