Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող ենք կանգնել լուսավոր ազգերի շարքում ու նրանց հետ ձեռք-ձեռքի տված գնալ դեպի ամեն գրականության ու լուսավորության նպատակը՝ դեպի ազգերի եղբայրությունը, ժողովուրդների մշտական սերը, խաղաղ կյանքն ու արդար աշխատանքը։

Տիկիններ և պարոններ.

Այսօր մեր հանդեսը բաց ենք անում մեր մայր դպրոցի՝ Ներսիսյան դպրոցի, երգեցիկ խմբի երգով, մեր հին ազգային երգով, որ ասում է.


«Տե՜ր, կեցո զհայս
Եւ արա զնոսա պայծառս…»


Եվ ի՜նչ գեղեցիկ են էս խոսքերը, ի՜նչ վեհ ու պայծառ է էս ազգային իղձը. «Տե՜ր ապրեցրու հային և պայծառ արա նրան…»։ Էս երգը, էս մրմունջը, էս աղոթքը, որ հնչել է մեր նոր գրականության արշալույսին, թող լինի մեր խոսքը, մեր իղձը, մեր ձգտումը, մեր նպատակը ու մեր ուժը՝ կյանք և ձգտումն դեպի պայծառն ու լուսավորը։ Եվ էս տեսակ բարձր ձգտումներն ու նպատակները ո՛չ խորթ պետք է լինին մեզ համար, ո՛չ անհասկանալի։ Մենք պատմական շրջաններ ենք ապրել, մենք կուլտուրաներ ենք տեսել, մենք Ասորեստանի ու Բաբելոնի հետ ենք ապրել, մենք հին Իսրայելի և Եգիպտոսի օրերից ենք գալիս։ Հարազատ են մեզ կուլտուրաները, գիրն ու գրականությունը, լույսն ու լուսավորությունը, և մեր ընկերությունը, որ գալիս է համախմբելու իր հարկի տակ գրականության ու լուսավորության գործիչներին, կապրի, կուժեղանա և միշտ սիրված կլինի։ Եվ ձեզ, որ եկել եք ողջունելու նրա բացումը, եկել եք սիրելով նրա բարձր նպատակը, միանալ, ինչպես հարազատներ շրջապատել, խրախուսել, ոգևորել մինչև այսօր մենակ մնացած Հայոց գրական գործիչներին, ձեզ ամենիդ ողջունում եմ Հայոց գրական ընկերության անունից։

Հայոց գրական ընկերության առաջին երեկույթի բացմանը թողեք մեր առաջին խոսքը լինի՝ հարգանք մեր էն գրողների հիշատակին, որ առաջինը հղացան Հայոց գրական