Եվ դրանց ստեղծագործության մեջ շատ մեծ նմանություն կա։ Երկուսն էլ ստեղծում են ոչինչ բաներից մեծ բաներ, երկուսն էլ ստեղծում են իրանց պատկերի նման [երկուսի ստեղծագործություններն էլ], երկուսն էլ հայտնվում, են իրանց ստեղծածի մեջ, թեև իրանց չես տեսնում։
Բայց սկզբում քանի որ քաոս էր, աստծո հոգին շրջում էր [մռայլ քաոսի] նրա վրա և մարդ ստեղծելու մասին իսկի չէր էլ մտածում։ Այժմ մեր կյանքն էլ մի քաոս է, և բանաստեղծի հոգին շրջում է նրա վրա։ Բանաստեղծ անհատն, իհարկե, անցավոր մարդ է. ես բանաստեղծության ոգին եմ ասում— շրջում է այս ժողովրդի քաոսային կյանքի վրա և, անշուշտ, մի օր նա կասի իր [աստվածային] արարչական խոսքը–թող լինի լույս—ու կլինի լույս ու [կլինին լույսի մեջ] ու կլինի մի բանաստեղծական աշխարհ, իր բուրավետ ծաղիկներով, իր սավառուն հրեշտակներով և նրանից հետո…
Ավանդությունն ասում է՝ երբ որ աշխարհքը ստեղծված պատրաստ էր իր ամեն զարդերով, աստված իր հրեշտակին ղրկեց, ասավ՝ գնա աշխարհքի չորս կողմից անարատ հող գտիր, բեր, որ նրանից ստեղծենք [մեզ նման] մեր պատկերի մարդ։
Ու հրեշտակը [գնաց] ցոլացավ…
Բայց ավանդությունը թողնենք։ Բանն այն է, որ [արդեն] անարատ հող կար և նրանից կարելի էր ստեղծել [աստվածային] աստվածատիպ մի վսեմ արարած։ Ստեղծող աստծուն մնում էր միայն իր արարչական շնորհքը շնչել նրա մեջ, իսկ ձեզ նման ցեխից ի՜նչ կարելի է ստեղծել՝ այն, ինչ որ տեսնում եք հրապարակում—վաշխառուներ, չարչիներ, քյոխվաներ, պստլիկ-մստլիկ քաջիկներ, գողեր [կամ] ու խաչագողեր, տերտերներ ու մղդսիներ[1]։ Բանաստեղծը որքան էլ ճգնի վսեմ ձգտումներ դնել ձեր ցած հերոսների բերանում—նրանք դարձյալ կմնան խաչագողեր, որովհետև [կյանքում] կա մի մեծ օրենք, որ կեղծիք [բան չկա] չի սիրում, իսկ բանաստեղծությունը ամենաանկեղծ արտահայտությունն է այդ անողոք տիեզերական օրենքի։
- ↑ Ինքնագրում կա այս պարբերության ևս մեկ օրինակ ջնջված