Որքան էլ իր շունչը փչի ձեր մեջ, ձեզանից միայն ծիծաղելի փքվածներ դուրս կգան և ոչ [մեծ] հերոսներ և դա նման կլինի այն [կեղտոտ] դատարկ տկին, որ փչում են–ուռչում է, բայց դարձյալ նույն կպրոտ տիկն է։
Դուք չունեք ասպետական զգացմունք, դուք չունեք սրտի անկեղծություն, հոգու ազնվություն, կարեկցություն, ինքնարժանապատվությանյան [զգացմունք] գիտակցություն…
Դուք սուտ փառքեր ունեք—նրանց պատվանդանները դողում, երերում են ամեն մի թեթև հողմից, որովհետև <4 անընթ.>։
Եվ ահա բոլոր այն մարդիկ, որոնց անունով պարծենում եք այսօր, նրանք բոլորը գերեզման իջնելուց առաջ թքել են ձեզ վրա։
Ահա մամուլը — ձեր բերանը (ինչպես ասում են) խոսում է։ Տե՜ր աստված, ի՜նչ կեղտոտ բերան է, ի՜նչ ցռթու, ի՜նչ թեթև, անմիտ բաներ է խոսում այդ բերանը։
Բայց մեզ ինչո՞վ եք խոսեցնում — վերցրեք մեջտեղից՝ մեծ վիշտը, որ մեզ համար կանդրաբանդի ապրանք է…
Ի՞նչ է մնում…
Уездный բանաստեղծ․․․ Ընդհանուր կյանք չկա։
Ես շատ եմ մտածել, թե ի՛նչ ժողովուրդ է սա, որ անկարող է բանաստեղծ՝ ոգևորել, բանաստեղծ խոսեցնել։ Մտածել եմ, ինչպես մտածում են այն ամուլ ամուսինները, որոնք՝ [որդիի] զավակ են ցանկանում ու չեն ունենում, միշտ մնում են ամուլ, չոր։
[Բայց] Այստեղ դժվարություն կա ամեն բան ասելու, բայց ինչ որ կարելի է, այդ էլ շատ բան է։