Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<ԳՅՈԻՂԱԿԱՆ ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ>

․․.Բայց պատճառն ի՞նչ է, ինչո՞ւ է էդ ողբալի դրության մեջ մեր գյուղի ուսումնարանը, որը շատ ավելի թշվառ վիճակ ունի, քան գրել եք և շատ ավելի քստմնելի պատմություններ, [քան] որ չգիտեք։

Պատճառն ի՞նչ է։

[Ժողովո՞ւրդն է վատ։

Ո՛չ, քեզ պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է եղած, ինչպես և մեր հարևան գյուղերի ժողովուրդները։]

Պատճառը մինն է, գյուղական բոլոր ցավերի պատճառը, գյուղական բոլոր աղետների ստեղծողը՝ գյուղի «պաչոտնին»։ Ով իմանա-չիմանա, դու հո լավ ես իմանում, թե ինչ բան է գյուղի պաչոտնին։ Հազարից մի անգամ է նա լավը լինում, և որտեղ լավն է լինում, էնտեղ էլ միշտ լավ գործեր են կատարվում։ [Իսկ առհասարակ] Սովորաբար նա մի հրեշ է, որ նստած է մեր ամբողջ ժողովրդի վրա և նա է տիրում ու կառավարում ամեն տեղ։ Դու գիտես, որ մեր [գյուղ] աշխարհքը գյուղեր են ու գյուղացիություն, իսկ գյուղերը կառավարում են տանուտերերն ու քյոխվաները էլ։ Տանուտերերն ու քյոխվաներն էլ գյուղի պաչոտնիներից են կամ նրանց ձեռքին են, [հազարից մի անգամ մինը] գուցե տասը հազարից մեկի բացառությամբ։ Եվ ժողովուրդը ոչ հասկանում է, ոչ էլ կարողանում է նրանց ազդեցության ու իշխանության տակից թեկուզ մի քիչ հեռու գնա։ Եվ հազարավոր ծանր փորձերով գիտի, որ նրանց կամքի դեմ ըմբոստանալը կամ նրանց դեմ դուրս գալը վերջանում է ոչ թե ապարդյուն, այլև շատ աղետալի։ Եվ առհասարակ ամեն մի ուժ, ամեն մի հիմնարկություն, ամեն մի երևույթ, որ հայտնվում է գյուղական մթնոլորտում, կամ պետք է հարմարվի պաչոտնիների կամքին ու ծառայի նրանց օգտին, կամ պետք է վերանա, հեռանա մեջտեղից։ Հաշտություն չկա։ էդ տեսակ մի հիմնարկություն է դպրոցը, որը չնայելով իր բարի ու չեզոք բնավորությանը, այսուամենայնիվ նրանց թշնամին է իր ուսուցչով կամ ուսուցիչներով միասին,