Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռվում են, իբրև մտքի հակառակորդներ․ բայց նրանց այդ գաղափարի կռիվն ուրիշ բան չի, միայն ասիական թշնամություն, որ արտահայտվում է ամեն մի դեպքում, ամեն մի գործի մեջ։ Այդ նեղ, չինական հայացքի ու հոգու տեր մարդկանց իդեալներն ու կուռքերն անձնավորություններ են և «ԵՍ»-եր, սակայն նրանք չեն քաշվում միշտ պարծենալու, որ իրանք սկզբունքների զինվորներ են, ոչ թե մի ուրույն տեսակի ստրուկներ ու մարդապաշտներ։

Նրանց վեճերի մշտական առարկան հոգևորականությունը, եկեղեցին է. կարծես, թե նրանց խելքին ու դատողությանը լայաղ ուրիշ բան չկա, բայց իսկապես՝ այս նրանց մտքի թշվառության և աչքերի կուրության ապացույցն է։ Ինչ որ խոսեն, անգիր արած աշուղի նման, կգան կկպչեն եկեղեցուն, թեկուզ անտեղյակ այն նույն եկեղեցու էությանն ու գոյությանը, լրության ու թերությանը։

Այդ պարոններին դուք տեսնում եք լրագիրներում. կարդում եք նրանց գավառական թղթակցությունները․ վրդովվելով, հանուն արդարության պասկվիլներ, պամֆլետներ, սուտ-սուտ լուրեր են գրում իրանց անձնական հակառակորդներին անվանարկելու, կամ չարած գործերը փառաբանելով— գովում են իրանց քեռուն ու խնամուն․ և այդ ամեն ձևով— լուր, հոդված, վեպ, դուք էլ կարծում եք, թե հիրավի, մեր ժողովրդի կյանքը այդ է տալիս «ազնիվ» թղթակցին։

Եթե այսպես չի, հապա մի ասացեք, հայոց լրագիրների ընթերցողներ—դուք ինչ գիտեք, ինչ տեղեկություն ունեք գավառի ժողովրդից։ Բայց այս երիտասարդության և նրա կյանքի մասին մի ուրիշ անգամ։

Ժողովրդի բարոյական ու տնտեսական կյանքը ճանաչելու համար մի գեղեցիկ միջոց, մի հեշտ չափ կա— այդ կինն է։

Կնոջ վիճակը հայտնում, ցույց է տալիս, ինչպես անհատի, այնպես և հասարակության աշխարհայեցողության սահմանը, զարգացման աստիճանը։

Բորչալվոլմ կինը դեռ դատապարտված է ավանդական արհամարհանքին, իբրև «առաջին մեղքի պատճառ», «դժոխքի դուռը», նզովված բոլոր սրբերից ու սրբություններից։

Քրիստոնեության բարձր գաղափարն այլանդակող տգետ