Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կղերը այսպես քարոզեց կնոջ դերը։ Եվ այս առարկայական հասկացողությունը կնոջ մասին, այս անարգանքի մշուշը, որ ավելի թանձրացրել են միջնադարյան աշխարհքից փախած, մենակյաց, խոտաճարակ ճգնավորները, դեռ ծանր չոքած մնում է այնտեղ՝ Բորչալվում, կնոջ վերա։ Դեռ այնտեղ բարոյապես սահմանված ընդհանուր հարգանք չկա դեպի կինը․ տղամարդի, անհատի բարեհայեցողությանը, քեֆին է թողած, թե նրան ընչի տեղ կդնի։

Այո՛, «Մարդ գդակը վեր ա դնում հետը մասլահաթ անում, խո իսան (մարդ) ա», ասում է տղամարդը կնոջ մասին․ «Մարդի ծեծած—վարդի ծեծած» ասում է ծեծված, նախատված կինը, և, այսպիսով, մեկից մի փոքր զիջում, մյուսից համբերություն՝ մեղմանում է տրադիցիայի խստությունը, բայց սա քիչ է, շատ է քիչ․ սա դեռ մայրը, կինը, կյանքի ընկերը չի…։