Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր ինտելիգենտն է։ Պետք է [հաշիվ տեսնել հետը,] մարդու տեղ դնել։

- Հիմի ի՞նչ եք ուզում, պ. Դրամբյան [ի՜նչ]։

Առաջ թե ինչ էր ուզում, հասկանում էի, բայց այժմ ինչ է ուզում, չեմ հասկանում։ Առաջ գոնե գտել էր, որ ես «բառացի» վերցրել եմ «Ծիտը» Հայկունու ժողովածվից (ինչու չեն տպում էդ բառացին զարմանալի է), «Չախչախ թագավորը», «Մուկիկի մահն» ու «Չարի վերջն» էլ մի քիչ փոփոխել եմ ու չեմ նշանակել, թե որտեղից եմ վերցրել կամ չեմ անվանել ժողովրդական։ Դրա համար էլ գրեթե հայոց [ամբողջ] բոլոր «գրական մեծությունները» անխնա ենթարկվեցան նրա կծու և խայթիչ լեզվի կատաղությանը։

Ես ցույց տվի մեր ահեղ դատավորին nւ նրա «հարգելի բազմաթիվ ընթերցողներին», թե դեռ նախքան Հայկունու աշխարհ երևալը էդ հեքիաթներից քանի-քանի վարիանտ ունեցել եմ ձեռիս ու նրանցից եմ կազմել իմ պատմածները (իմ գիտեցածն էլ մի կողմ թողնենք)։ Տեղով, երեսով բերի բոլոր վարիանտները, որ էլ իսկի կասկած չմնա, առաջ բերի տարբերությունները, պարզեցի, որ ոչ թե չեմ օգտվել, այլ իմ [ասած] պատմածն ու Հայկունու գրի առածը տարբեր, հակառակ վարիանտներ են։ Վերջապես էն էլ ցույց տվի, որ թեև ավելորդ, նշանակել եմ դրա վրա «ժողովրդական» բառը և հայտարարությունների մեջ և «Լուսաբեր» 1907 թ. Ա տարի, ցանկը, հոդված 27, էջ 71։ [Թե կուզեք։]

է՜, սրանից հետո հիմի էլ ինչ է ուզում։

[Ինչ է ուզում] Նոր, ոչինչ, ձեր ողջությունը։ Առաջինը էն, [որ իր հարգանքը հայտնի] թե ինքը հարգում է «բազմաթիվ ընթերցողներին», երկրորդն էլ ինձ արդարացնի ու ապացուցանի, որ իմ նախորդ հոդվածում իր մասին ինչ գրել եմ, բոլորն ավետարանիցն եմ ասել և ոչ մի բառ չկա հայհոյական կամ չափազանցություն։

Իմ ցույց տված թվականը (1907) խառնում է մյուս տարիների հետ (էն տարիների, որ ասել եմ խմբագրությունը հանել է և բացատրել եմ ինչու) ու աշխարհքովը մին հայտարարում է, թե էդպես բան չկա, էն ուրիշ «Ծիտ» է։