Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարագիր վիճակ, պանդխտություն։ Տանջանքն ու բռնությունը բուն երկրում այն աստիճանի է հասել, որ ժողովուրդը ստիպված թողել է բուն երկիրը, իր հողն ու ջուրը, իր վաթանը և անցել է ուրիշ վայրեր հանգիստ շունչ առնելու նպատակով։ Եվ որովհետև շրջապատող կյանքը ազդում է և գրականության վրա, այդպիսի մի տարագիր, պանդուխտ ժողովրդի գրականությունն էլ, անշուշտ, պիտի լիներ պանդխտության և հալածանքի գրականություն։ Պանդուխտ ժողովուրդ, պանդուխտ գրականություն։

Ահա ձեր առաջ Գամառ-Քաթիպան՝ հայոց ազգային երգիչը, որ իր երգարանը սկսում է հետևյալ տողերով.


«Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից,
Սերտ բարեկամք անջատած են ինձանից»...¹


Հայր Ալիշանը Վենետիկից մրմնջում է.

«Ով լերինք ծաղկաց»²... Հիշում է անուշ երկրի հարուստ բնությունը և երանի տալիս նրան։ Սմբ. Շահազիզը հյուսիսում բերյոզաների տակ թափառելով, իր երկրի «Ով կանաչ թփերն»³... է երգում, սիրուն բուսականությունը գովում։ Պեշիկթաշլյանը Սև ծովի ափերից «Հեռի ի քեն պանդուխտ»4 երգն է հառաչում։

Պանդուխտ գրողները, օտար հորիզոնի տակ սիրած երկրի նկարագրությունն անելիս, չափազանցությունների և սխալանքների մեջ ընկան և դա ունեցավ իր ծանր ազդեցությունը հայ գրականության վրա։

Օտար երկրում բուսած մի ծաղիկ չի կարող իր երկրի շունչն ու փարթամությունն ունենալ, մի մարդ, որ իր երկիրը չի տեսել, նա չի կարող այդ երկրի իսկական պատկերը տալ։

Այսպես Գամառ-Քաթիպան հյուսիսում նստած իբրև պանդուխտ գրող, երգում է հայ շինականի երգը.

«Մարդս եկավ, եկավ դաշտից՝ դաշտիցը»… որի մեջ բանաստեղծը նկարագրում է, թե ինչպես գյուղացին դաշտային աշխատանքից տուն վերադառնալիս իր համար պատրաստած է տեսնում մի ճոխ սեղան. «սպիտակ, փափուկ գարեհաց, կաթն ու կարագ և պանիր, գառան մըսեն շամփրի