Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գրվել Հայոց գրական ընկերությանը, մանավանդ այդ հարցն այժմ մամուլի մեջ վեճի առարկա է դարձել։ Մեր կանոնադրության առաջին կետի հիման վրա ընկերությանը անդամ կարող են լինել նրանք, որոնք հայոց մեջ աշխատում են գրականության, գիտության և մամուլի ասպարեզներում։ Այսպիսով պարզվում է, որ ընկերությունը ընտրյալների մի կաճառ չէ, հայկական ակադեմիա չէ, այլ մի հարստություն, որի հարկի տակ կարող են ժողովվել խոշոր և տաղանդավոր մարդկանցից սկսած մինչև ամենահամեստ աշխատավորն այդ ասպարեզներում՝ փոխադարձ օգնության և բարոյական-գեղարվեստական զարգացման նպատակով, ճիշտ այնպես, ինչպես է Ռուսաց գրական ընկերության մեջ, ուր Տոլստոյի, Տուրգենևի, Չեխովի և մյուս մեծերի հետ միասին գրած են շատ համեստ անուններ։ Եթե մենք խիստ ենք լինելու և խտրական, ես կցանկանայի, որ այդ լիներ ընկերության բարոյականի վերաբերությամբ և աշխատեինք նրա բարոյական պատկերը պահել մաքուր, անաղարտ, բարձր ամեն նեղ կուսակցական միտումներից։ Եվ արդեն առանց այդ պայմանների չի կարող լինել գրական–գիտական մթնոլորտ, չի կարելի երևակայել գրական-գիտական մի հաստատություն։


<ԹՈՒՄԱՆՑԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ>

Աչքի առաջ ունենալով հայ գրողի և հայ գրականության պատիվը՝ Հայ գրողների ընկերությունը իր միջոցները ուժեղացնելու նպատակով երբեք և ոչ մի դեպքում չպետք է դիմե մասնավոր անձանց որևէ դրամական նվեր ստանալու համար և այսօր դիմելով ձեզ, Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովին, խնդրում եմ սանկցիա տալ այս կարծիքին։