...Վարչությունը, աչքի առաջ ունենալով իր անդամների մտավոր զարգացման նպաստելու խնդիրը, որոշել է յուրաքանչյուր շաբաթ կազմակերպել գրական-գեղարվեստական երեկույթներ, որտեղ ներկա կլինեն ընկ<երության> անդամներ իրենց ընտանիքներով ձրի և որ այդ երեկույթները ունենան ընտանեկան բնույթ։ Այդ հանդեսները կլինեն կամ մեր անվանի գրականագետների հիշատակին և կամ դասախոսություններ կլինեն, որտեղ թույլ կտրվի նաև հյուրերի ներկա լինելու միայն փոքր վարձով։ Այդ հանդեսներին կցուցադրվեն նաև մեր անվանի գրողների, արձանագործների կամ նկարիչների նորագույն արտադրությունները...
...Գրողների ընկերության վարչության նախագահ Հովհ․ Թումանյանը մի զգացված ճառ արտասանեց։ Մի ակնարկ ձգելով հայկական այն դառն իրականության վրա, որի մեջ ապրել է հայ գրողն ու հայ մտքի մշակը, և հիշատակելով մի շարք անուններ, որոնք դեռ տասնյակ տարիներ առաջ ցանկություն ունեին կազմակերպել, ի մի հավաքել բոլոր հայ մտքի աշխատավորներին (Շահազիզ, Մուրացան, Աղայան, Արասխանյան և այլն), առաջարկում է հոտնկայս հարգել դրանց հիշատակը։ Ապա մի փոքրիկ կոչով հրավիրում է հայ մտքի աշխատավորներին, առանց աչքի առաջ ունենալու իրենց տարբեր համոզմունքներն ու տեսակետները, խմբվել, միանալ և ստեղծել մի հարազատ օջախ, որի միջոցով հնարավոր կլինի միմյանց ավելի լավ ճանաչել...