հիշատակել չէր թույլատրվում, մնացել են անծանոթ ոչ միայն ընթերցող հասարակայնությանը, այլև մասնագետների զգալի մասին, կամ եթե ետմահու վերահրատարակվել են, ապա միայն ամենախիստ գրաքննության ենթարկվելուց հետո։ Այդ պատճառով մինչև վերջին տարիներս հրատարակված շատ նյութեր, այդ թվում նաև նրանք, որոնք տեղ են գտել «Թումանյանը քննադատ» ժողովածուի (1939) և նախորդ ակադեմիական հրատարակության մեջ, թերի են, աղճատված, հաճախ, նույնիսկ «խմբագրված»։ Այդ իմաստով հասկանալի է, թե ինչ կարևոր նշանակություն ունի Թումանյանի քննադատական և հրապարակախոսական ժառանգության լիակատար հրատարակությունը, որ ձեռնարկել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը՝ դրան հատկացնելով գրողի երկերի ակադեմիական նոր հրատարակության 6—7-րդ հատորները։
Թումանյանի մեզ հասած առաջին ոտանավորը՝ «Հոգուս հատորը», գրվել է 1881 թ., երբ նա դեռևս տասներկու տարեկան էր։ Առաջին հրապարակախոսական ելույթը՝ «Մի ավանդություն» ակնարկը, որ ունի ազգագրական-հայրենասիրական բնույթ և պատմում է Լոռվա ժողովրդի մեք տարածված մի ավանդություն՝ Հայաստանում հայկական թագավորության անկումից շատ հետո Դսեղ գյուղում Գրիգոր Մամիկոնյան իշխանի ղեկավարած ազատագրական շարժման և Գրիգորի ու նրա քույր Խորիշայի նահատակման մասին, գրվել է վեց տարի անց՝ 1887-ին։
Արդ, եթե առաջին ոտանավորը հմայում է իր անսպասելի կատարելությամբ, ապա տասնութամյա պատանու հոդվածը զարմանք է հարուցում նյութի խոր ու բանիմաց շարադրանքով, հեղինակի՝ պատմության հարցերի քաջատեղյակությամբ և այն համոզմունքով, որ ժողովրդական բանահյուսությունը կարևոր նշանակություն ունի գեղարվեստական գրականության ստեղծման ու զարգացման համար։ Մի հանգամանք, որ այս դեպքում բխում է ընդհանուր շարադրանքից, իսկ ավելի ուշ պիտի կոնկրետ ձևակերպում ստանար հրապարակախոս-գրողի ծրագրային հոդվածներում։
Ժամանակի առումով երկրորդ հոդվածը 1892 թ. գրված «Մոճոռյանց Պետրոս, «Բանաստեղծություններ» գրախոսությունն է, որտեղ Թումանյանը կրքոտ պայքար է մղում գրական խոտանի դեմ՝ ի պաշտպանություն ճշմարիտ քնարերգության։
Վ. Գ. Բելինսկին, գրախոսելով մի ռուս հանգաբանի ոտանավորները, նրան խորհուրդ է տալիս թողնել բանաստեղծության ասպարեզը, զբաղվել արձանագրություններ ու պաշտոնաթղթեր հորինելով և չափածո անհեթեթություններով չչարչարել հայրենակիցների լսողությունը (տե՛ս В. Г. Белинский, Полн. соб. соч. т. VI, М., 1955, ст. 116):
Քսանամյա Թումանյանը, որ 1890-ական թվականներին արդեն ծանոթ էր ռուս մեծ քննադատի ժառանգությանը, գուցե կարդացել է, գուցե և չի կարդացել 1842 թ. «Отечественные записки» տպագրված գրախոսությունը