Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակայն գրեթե նույն բառերով նույն խորհուրդն է տալիս հայ հանգաբանին։ «Այստեղ,— գրում է նա,— արդեն ժամանակ է բարի խորհուրդ տալու պ. Մոճոռյանին՝ թողնել բանաստեղծությունը և յուր գործը ճանաչել» ։

Այսպես է սկսվել Թումանյանի քննադատական և հրապարակախոսական գործունեությունը։ Այնուհետև, մինչև կյանքի վերջը այս երկու ուղղություններին վերաբերող հոդվածները հանդես են եկել կողք-կողքի, հաճախ միահյուսվելով և հարստանալով հասարակական կարևոր նշանակություն ունեցող այլևայլ մոտիվներով։

Թումանյանի հոդվածների զգալի մասը մի քանի էջանոց բնութագրումներ են՝ ինչպես գրական հարցերի, այնպես էլ այս կամ այն գրողի ստեղծագործության։ Սրանցում հատված առ հատված ուրվագծվում է հայ գրականության պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև քսաներորդ դարի առաջին տասնամյակները։ Նրա ուշադրության կենտրոնում են եղել Խորենացին և մեր մյուս պատմագիրները, Նարեկացին ու Նահապետ Քուչակը, Նաղաշ Հովնաթանն ու Սայաթ-Նովան, Աբովյանն ու Նալբանդյանը, Ալիշանն ու Պատկանյանը, Շահազիզն ու Պռոշյանը, Րաֆֆին ու Ծերենցը, Սունդուկյանն ու Շիրվանզադեն, Դուրյանն ու Տերյանը...

Արդեն դարասկզբին Թումանյանը հայ իրականության ամենակենտրոնաձիգ դեմքերից մեկն էր նաև իր քննադատական-հրապարակախոսական գործունեությամբ։ Նրա հոդվածները, քննադատական դիտողություններն ու գնահատականները աննկատ չէին մնում, այլ ընդունվում էին որպես ծրագրային ելույթներ և այդ պատճառով բարձրացնում էին նաև ընդդիմախոսության ալիք։ Ո՛չ բոլորին էր հասու այն իրողությունը, որ հայ գրականության հարցերը քննելիս բանաստեղծը նկատի ուներ բարձր չափանիշներ՝ պարզել ինչպես յուրաքանչյուր գրողի դերն ու տեղը հայ գրականության զարգացման ընթացքի մեջ, այնպես էլ հիշատակվելու իրավունքը համաշխարհային գրականության լավագույն ներկայացուցիչների կողքին։ Այս տեսակետից հազվագյուտ նշանակություն ունի 1916 թ., Շեքսպիրի մահվան 300-ամյակի առիթով գրված սևագիր հոդվածի տողատակի նշումը. «Մի ուրիշ անգամ ցույց եմ տալու, թե ինչքան նման գծեր կան Շեքսպիրի սոնետների ու Սայաթ-Նովայի երգերի մեջ»։ Այս չափանիշներով է նա առաջնորդվում, նույնիսկ, ամենակարճառոտ գնահատականներում, որպիսիք են՝ «Քառասուն տարի» (1902), «Շիրվանզադեի հոբելյանը» (1910), «Գամառ Քաթիպայի մասին» (1913), «Պետրոս Դուրյանի մասին» (1913), «Մ. Նալբանդյանի հիշատակին» (1916) և այլն։ Նույնպես համաշխարհային մակարդակը նկատի ունենալով նա սպառիչ գնահատականներ է տալիս ժողովրդական ստեղծագործության գրեթե բոլոր նշանավոր երկերին՝ պատմագրության էջերում պահպանված թվելյաց երգերին, հայկական էպոսին ու ժողովրդական հեքիաթներին, առակներին ու լեգենդներին։ Այս առումով ժամանակի հայ բանասիրության նվաճումներից մեկն է «Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ» փոքրիկ ուսումնասիրությունը (1894)։ Առանձնակի արժեք են ներկայացնում Նահապետ Քուչակին, Նաղաշ