բարեկամությունը», որ Համլետը նմանեցնում է իրան և Հորացիոյի հարաբերությանը, կամ թե ինչ է այդ «սովորական» առածի միտքը։
Այսպիսի հարցեր տալու իրավունք ունի այն ընթերցողը, որին պ․ թարգմանիչը հարկ է տեսել պատմելու թե ինչ է «Լետե գետը» կամ բացատրել է «օշինդրը» — «Շատ դառն և նողկալի մի տունկ, որից շինում են աբսենթը» (էջ 112)։ Եվ ինչու այդ անունները բացատրել և առանց բացատրության թողնել, եթե ոչ ավելի, գոնե դրանց չափ անծանոթ՝ Երազող Ջոն, Նիոբե, Արես, Հերմես, Հեփեստոս, Դիոս, Ֆեբոս, Թելլոս և այլն, կամ դրանցից էլ ավելի մութ և ավելի կարևոր տեղեր, օր. թե ինչ է հասկացնում Ռոզենկրանց Համլետին ասելով.
«Այո՛, տարան, իշխան, Հերկուլեսին և իր բեռն էլ հետը։ (էջ 80)։
Ինչ կնշանակեն Համլետի այս խոսքերը.
«Քանզի, օ՜հ, քանզի, օ՜հ,
Փայտե ձին մոռացվեց» (էջ 108)։
Թե ինչ է ակնարկում նա, երբ դերասանին ասում է.
«Հայդե՜,
Կռկռան ագռավը վրեժ է պահանջում» (էջ 116)։
Ինչու ու Հորացիոյին այսպես է ասում.
«Մեր դարը այնպես սրամիտ է դարձել, որ գյուղացու ոտքի մատը մոտեցել է պալատականի գարշապարին այն աստիճան, որ նորա ոտքի պալարը ցավացնում է» (էջ 183 — 189) և այլն։
Սակայն, կրկնում եմ, որ սրանք չեն կարող թարգմանության պակասությունը համարվել. ոչ ապաքեն Շեքսպիրը մեկնություններ չի գրել, այլ ողբերգություն․ թարգմանչից էլ պետք է այդ ողբերգության թարգմանությունը պահանջել և նայել թե նա որքան հավատարիմ է մնացել բնագրին, որքան ճիշտ է ըմբռնել ու հայտնել հեղինակի միտքը։