Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հառաջաբանի մեջ պ. Մասեհյանն ասում է. «Ի լույս ընծայելով այս աշխատությունը՝ թարգմանիչը ամենևին հավակնություն չունի բնագրին արժանի մի թարգմանություն տված լինելու», թե այդ գործը պահանջում է ավելի մեծ գրական հմտություն, թե այդ թարգմանությանը ձեռնարկել է մի քանի բարեկամների հորդորանքով և քաջալերված այն մտքով, որ մի թարգմանություն բնագրից՝ անհամեմատ առավելություններ ունի մի երկրորդական թարգմանությունից։

Թեև «երկրորդականը» մութ խոսք է, և շատերը կարող են «անհաջողի» մտքով հասկանալ, և «բարեկամների հորդորանքն» էլ վնասում է գործի լրջությանը, այսուամենայնիվ այդ բոլորը մի տեսակ կաշառք են թե ընթերցողին և թե քննադատին, որ ներողամտություն են խնդրում։ Բայց շարունակության մեջ ասում է․ «Մինչև այժմ մեր մեջ երևեցած մեկ երկու թարգմանությունները փոխադրված են ֆրանսերենից, այն ինչ նույն իսկ ֆրանսիական թարգմանությունները անհաջող են՝ այդ լեզվի ոճի և ոգու պատճառով։ Շեքսպիրի մտածությանց հեղեղը չէ կարող ամփոփվիլ Կոռնեյլի լեզվի գեղածիծաղ, բայց նեղ ափերի մեջ»։ Այստեղ դուք ակամայից հարցնում եք, ուրեմն ինքը բնագրից թարգմանելով, ինչպես և որքան է այդ հեղեղն ամփոփել հայոց լեզվի այս անկարգ հոսանքի մեջ, որ իսկի ափեր էլ չունի, որի պակասավորությունը, թարգմանչի ասելով, իրան շատ ավելի է զբաղեցրել, քան նույնիսկ թարգմանությունը, և որը չի տալիս չափաբերության մի «նախընթաց օրինակ», որ գործին հարմարվեր։

Այսուամենայնիվ նա կատարում է իր թարգմանությունը և այն էլ պահպանելով բնագրի ձևը, որ գործը դժվարացնում է տասնապատիկ, միաժամանակ մեծացնելով և արժանիքը։ Եվ, հիրավի, այս մի նշանավոր աշխատանք է, արժանի լուրջ քննադատության, որ տարաբախտաբար տակավին չկա։

Ես հեռու լինելով քննադատելու հավակնությունից, որի համար անհրաժեշտ է գիտենալ անգլիերեն լեզուն, համեմատեցի պ. Մասեհյանի թարգմանությունը ռուսերեն մի քանի թարգմանությունների հետ և գտա տեղեր, որ կասկածելի են դարձնում հայերենի հարազատությունը բնագրին։ Ես այժմ