առաջ կբերեմ այդպիսի տեղեր, ամեն մի գործողությունից վերցրած, որոնք եթե համոզեցուցիչ չեն լինիլ, գոնե հետաքրքրական կլինին, և ապա ցույց կտամ լեզվի պակասության նմուշներ։
Ուրվականի չքանալուց հետո պահնորդները խոսում են այդ զարմանալի երևույթի մասին և նրա հանկարծ չքանալը բացատրում են նրան, որ աքլորը կանչեց՝ ցերեկվա Աստծուն զարթեցրեց։ Մարսելիոսն ասում է.
«Այո, նա չքացավ աքլորի ձայնից.
Շատերն ասում են, նախ քան այն օրերը,
Երբ որ մենք տոնում ենք Փրկչի ծնունդը,
Արշալույսի հավը երգում է մինչ ի լույս։
Այնուհետ, ասում են, էլ ոչ մի ոգի
Իր բանտից դուրս սողալ չէ համարձակում.
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Զի սուրբ է և օրհնյալ այն ժամանակը» (էջ 19)։
Մարդ իսկույն տարակուսում է, թե ի՞նչ սուրբ և օրհնյալ ժամանակ է նախ քան այն օրերը, երբ որ մենք տոնում ենք Փրկչի ծնունդը։ Եվ ահա ռուս թարգմանիչները գալիս են օգնության։ Նրանք ընդգծյալ բառերի տեղ գրում են.
Кетчер. Говорят, в то время года, в которое празднуется рождение нашего Спасителя и т. д.
Соколовский «… в ночь, когда рождается Спаситель, и т. д.
Гнедич. «… в ночь на рождество, и т. д.
Каншин. При наступлении времени, когда мы празднуем рождество, и т. д.
Ուրեմն՝ ասում են, այն գիշերը, երբ մենք տոնում ենք Փրկչի ծնունդը, արշալույսի հավը երգում է մինչև լույս։ Այդ սուրբ և օրհնյալ ժամանակը ոգիներն էլ չեն թափառում և ամեն չարություն կորցնում է իր զորությունը։
Մարսելիոսի այս խոսքերին Հորացիոն ասում է.