Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Վա՜հ, գուցե ձեզ քարշե դեպի հեղեղը.

Կամ այս զարհուրելի ժայռի գագաթը,

Որ հակված է տակից (?), կախված ծովի վերա» (էջ 42)։

Ռուս թարգմանիչները հեղեղի տեղ գրում են «в море» կամ «на море»; «в пучину моря» կամ «в бездну моря».

Համլետը Հորացիոյին և Մարսելիոսին երդում է տալիս, որ գաղտնիք պահեն ուրվականի երևալը։ Նրանք երդվում են, որ չեն ասիլ։ Համլետը պահանջում է.


«Երդվեք սըրիս վերա։

Մարսելիոս

Արդեն երդվեցինք:

Համլետ


Ճիշտ է, սըրիս վերա. ճիշտ է»։ <էջ 51-52>

Մարդ այնպես է կարծում, թե արդեն երդվեցին սրի վրա։ Սակայն ուրվականը գետնի տակից կանչում է. «երդվեցե՛ք»։ Համլետն ստիպում է, թե «երդվեցե՛ք», վերջապես երդվում են, և դուք տեսնում եք, որ ընդգծյալ նախադասությունը ճիշտ չէ, որովհետև մեջը երկու ճիշտ կա։

Ռուսերեն թարգմանությունների մեջ այդ տողն այսպես է.


Кетч. Нет, на мече, на мече моем.

Сокол. Нет, в порядке! как следует-с руками на мече.

Крон. Нет! Клянитесь на мече.

Кан. Да, в самом деле... но на моем мече.


Հայերենն էլ թերևս ուզում է ասել, «ճիշտ է (երդվեցիք), բայց սըրիս վերա երդվեցեք»։

Պոլոնիուսը թագավորին ասում է․


«Տեր իմ, Նորվեգիայից մեր դեսպանները
Գոհությամբ դարձել են» (էջ 63)։