Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խիտ անտառի միջով հազիվ անցնում, գտնում ես «Մազմանայ» (երևի «Մարծպանայ» բառից է աղճատված) կամուրջի խելը, բայց ոչինչ չգիտես և մտածում ես, թե արդյոք ո՛ր ժամանակին կամ ո՛վ է եղել շինած։ Բարձրացնում ես կամուրջի ծայրին, քարանձավում խոնարհած խաչը և կարդում ես — «Ես Համլիկ որդի Սմբատայ յազգէ Մամիկոնեան և ամուսինն իմ Մամքուն» և այլն։

Ձաղի ձորով բարձրանում ես վերև։ Ծեր ձորեցին պատմում է յուր մեծերից լսած ավանդությունը, թե այս ձորերում մեծ կռիվներ են եղել հայոց հավատի համար, մեծ նահատակություններ են եղել, և այսպես խոսալով նա քեզ տանում է ճգնավորի մատուռը, որ մի քանի տարի է, ինչ գտնվել է մի անտառոտ բլրի ժեռուտ կատարին։ Հանկարծ ժայռերի ու մացառների մեջ մտնում ես մի գեղեցկադուռն խորան, և դռնակը բացելուն պես չղջիկները լույսից վրդովված թրթռում են կիսամութի մեջ։ Նայում ես պատին,— դարձյալ արձանագրություն։ Բայց բարեպաշտ գյուղացիք իբրև թե նորոգել, շինել են մատուռը, դրած քարերը տաշտշել են, մեկն այստեղ են դրել, մյուսն՝ այնտեղ, իրարից գցել են, մեկ երեսը դուրսն են արել, մյուսը՝ պատի մեջը։ Այսուամենայնիվ դու կարողանում ես ջոկել, որ այդ ձորում, մի կռվում մի մեծ մարդ է ընկել «յազգէ Մամիկոնեան...»։

Ահա հին գերեզմանատանը բարձրանում է մի մեծ, գեղեցկաքանդակ խաչարձան։ Այդ էլ Սարգիս Մարծպանի*) որդի Գրիգոր Մամիկոնյանի շիրիմն է. «այն մեծ բարեպաշտ իշխանի», որ ՉԼԵ թվականին թաթարների դեմ մղված կռվում «դառն մահուամբ ՝ի Քրիստոս փոխեցաւ...»։

Նրանից հյուսիս-արևմուտք կանգնած է սրա քույր և Արարատի Քուրդ իշխանի ամուսին՝ Խորիշահի քառանկյունի մահարձանը։ Ավանդությունը ասում է, երբ «անօրենները» (թաթարները) գիշերն անակնկալ վրա տվին ավանին, այդ Խորիշահը սուր առավ, վազեց եղբորն օգնության, և որտեղ որ թաղված է, այնտեղ էլ նահատակվեց։