Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այսպես՝ ամեն մի քար, ամեն մի նշան, ամեն մի գերեզման պատմում են, թե նրանք այստեղ էին ապրում, այստեղ էին կռվում «՚ի ներ և ՚ի դառն ժամամնակս թաթարաց»։

ԺԱ դարում նրանք այդ ձորում շինեցին իրանց տոհմական գերեզմանատունն ու աղոթարանը — Բարձրաքաշ Ս. Գրիգորի ճերմակ վանքը և ապահովեցին ընդարձակ կալվածներով ու գյուղերով, որ հիշատակվում են արձանագրությունների մեջ։

Ավանդությունն ասում է, այնքան բարձր էր վանքի կաթուղիկեն, որ գլխի խնձորը երևում էր դաշտից։ Նույնպես ըստ ավանդության, այնքան մեծ էր այստեղի միաբանությունը, որ ձմեռը վանքի մարագի տակ մի վարդապետ գտան, որ ամառը — կալի ժամանակ խեղդվել էր, և մինչև այն օրը նրա բացակայությունը չէր նկատվել։ Վանքի ճանապարհն, ըստ երևույթին, հնումն ուրիշ կողմից և սալահատակ է եղել։

Խոնարհված ու ջարդված խաչարձանների միջով մտնում ես ձորը։ Անտառում արդեն ականջիդ է հասնում Ս. Գրիգորի աղբյուրի տխուր խոխոջյունը։ Աղբյուրն անցնում ես, ճանապարհի վերևը, բրմուտի մեջ քեզ ցույց են տալիս վանքի ձիթահանքի ահագին քարերը, վրան գրած Սարգիս Մարծպանի որդոց անունները։ Մի փոքր էլ առաջ ես գնում, և կանաչ անտառում հանկարծ առաջդ հայտնվում են սպիտակ ավերակներ— Մամիկոնյանների Բարձրաքաշ նվիրական տաճարը։

Սրտատրոփ մոտենում ես, կանգնում ես արևելյան պատի առջև։ Պատի հարավային մասից մի կտոր պոկված՝ թեքվել է դեպի ձորը։ Նա վաղուց կլիներ քանդված, բայց Օվագիմ ուզբաշին քարերով ամրացրեց ներքևից, ասում է գյուղացին և նրա վրա ցույց է տալիս գեղաքանդակ երկգլխանի թևատարած արծիվը՝ ճանկերում գառը բռնած։ «Էդ Աբելա գառնա»,— բացատրում է միամիտ գյուղացին, այդ գառը նմանեցնելով հայոց ազգին, իսկ արծիվը՝ անօրեններին, որ այնքան տանջել են հայերին։ Այդ Մամիկոնյանների դրոշակի նշանն է։ Այդ միևնույն քանդակը կա և Դսեղ գյուղի եկեղեցու պատի վրա։

Ներս ես մտնում վանքը։ Վանքի գլուխը կործանված, լցված է մեջը, և դու կանգնած ես սեղանից բարձր։ Ահագին