Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառերը բարձրանում են բեկորների կույտերի միջից, և ճերմակ կամարները մրցում են նրանց հետ։

Հարավային մասից մտնում ես միջին մասը, միջինից՝ երրորդը, մի շինություն, որ երևի հերթակալ միաբանի համար է հատկացրած, և պարզ տեսնում ես, որ այդ մասերը շինված են զանազան ժամանակներում, զանազան ձեռքերով։ Այս հանգամանքը հիմք ու տեղիք է տվել մի ավանդության, որ պատմվում է և Սուրամի բերդի մասին, թեև մի փոքր տարբեր։

Ափսո՛ս, որ ոչ մի կողմից հարմար տեղ չկա, և խիտ անտառն արգելում է լուսանկարչին նկարելու վանքի գեղեցիկ տեսարանները։ Դրա համար էլ այցելող լուսանկարիչները միշտ նրա արևելյան պատն են նկարում, որը և դնում ենք «Արաքսում»։

Ս. Գրիգորի արձանագրությունները կարելի է կարդալ հանգուցյալ Ջալալյան Սարգիս եպիսկոպոսի աշխատության մեջ — «Ճանապարհորդութիւն 'ի մեծն Հայաստան», մասն Ա., եր. 108, թեև այստեղ էլ բոլոր արձանագրությունները չկան և եղածներն էլ տեղ-տեղ սխալ են արտագրած։