իրեն տված իրավունքից (կան. 2. ե) դիմում է ամենուրեք տարածված հայ ժողովրդի ընդհանրությանը, դիմում է նրա ազգային այն բարձր գիտակցությանը, որով նա սիրել է իր գրականությունը, արձագանք տալ ամեն կողմից, հոժարակամ նվիրաբերություններով ուժեղացնել հայոց գրական ֆոնդը և նրա միջոցով մայրենի գրականությունը, որ հանդիսանում է մեր ազգային ոգու հարազատ արտահայտությունը, մեր ինքնուրույն գոյության պայծառ հույսը, և կուլտուրական ազգերի շարքում կանգնելու մեր հզոր իրավունքը։
Ընկերությունս հավատում է, որ ամեն տեղ հայ ժողովուրդը սիրով պիտի ընդունի իր հրավերը և ամեն մի հայ մարդ իր ազգային գրականության հաջողությունը պիտի համարի իր սեփական հաջողությունը և Գրական ընկերության նպատակները նկատի այնքան բարձր, ինչքան բարձր կարող են լինել իրենց լայն իմաստներով գրականությունն ու գիտությունը ամեն աշխարհքում և ամեն մի ազգի մեջ։
Ամեն մարդու էլ հո չի կարելի անվանել ազնիվ և անկեղծ։ Ամեն մարդ էլ հո չի կարող լինել ազնիվ և անկեղծ։
Շատ հազարների մեջ մինը կարող է լինել ազնիվ և անկեղծ։ Էս տեսակ հազվագյուտ մարդկանցից մինն էր Սիմոն Զավարյանը։
Նա կարող էր սխալվել, բայց դիտավորությամբ չէր խաբիլ երբեք, ճշմարտության հանդեպ աչք փակելու սովորություն չուներ, չգիտեր գնալ բազմության հետևից, չգիտեր ձևանալ էն, ինչ որ չէր և միշտ մնաց անկեղծ, ինքնուրույն ու ինքնատիպ։
Բոլոր սրտով նվիրվեց ամեն գործի, ինչ գործի որ մոտեցավ՝ գիտական, հասարակական թե ազգային, տվեց ամեն