Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽՈՇՈՐ ՀԱՅԸ

Ընկավ և Կոստանդին Խատիսյանը։

Կոստանդին Խատիսյանը իբրև անհատ, էն մարդկանցից չէր, որոնց Շոպենհաուերը անվանում է фабричное производство։ Նա մի ուժեղ անձնավորություն էր, մի խոշոր, ինքնատիպ դեմք, որ ջոկվում էր բազմությունների միջից։

Ես ճանաչել և ճանաչում եմ շատ համոզված ու հայրենասեր հայ մարդիկ, բայց չեմ տեսել մի հայ, որ էնքան համարձակ հայ լիներ, ինչպես Կոստանդին Խատիսյանն էր։ Նա հայությունը կրում էր ինչպես մի սրբազան դրոշակ, բռնած իր գլխից շատ վեր ի տես ամբողջ աշխարհի, և էնպես էր ասում՝ ես հայ եմ, ինչպես անգլիացին կասի՝ ես անգլիացի եմ կամ ֆրանսիացին կասի՝ ֆրանսիացի եմ։ Էն գիտակցությամբ, զգացմունքով ու հպարտությամբ, որ անկարելի էր չպատկառել նրա հայությունից։ Եվ ամեն տեղ նրա ներկայությամբ քաշվում էին դիպչել հայությանը։ Մինչև անգամ մեր տանը, նրա եղած ժամանակ, զգուշանում էինք, չլիներ թե մի որևէ բանով մեղանչեինք հայության դեմ ու վրդովեինք մեր սիրելի Կոստիային։ Իսկ նրա վրդովվելը՝ Աստված հեռու տաներ, հարձակվում էր վարազի նման և չափ ու սահման չէր ճանաչում։

Մեզ նման մի դիմազուրկ եղած ժողովրդի մեջ, ուր շատերը ամաչում են իրենց հայ լինելուց և ամեն քայլափոխում դեմդ են ելնում անգույն ու անբովանդակ «անազգի» մարդկանց տիպերը, նա մի եզակի մարդ էր, երևույթ էր։

Իբրև գործիչ՝ մարմնացած անհանգստություն էր։ Ուր գնում էր, տակն ու վրա էր անում, շարժում էր, և միշտ դեպի առաջ։ Դեռ ուսանողության օրերից, ութսունական թվականների վերջերից, հայտնվում է նա իր ամբողջական բնավորությամբ։ Ո՞վ չի հիշում էն ժամանակվա Պետերբուրգի ուսանողության տենդային գործունեությունը և նրանց հրատարակությունները՝ Դոնչո, Բուլղար Ավազակապետը, Շամիլի դատաստանը և նման հրատարակությունների էն շարքը,