Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ տասնյակ հազարներով ցրվում էին մեր հասարակության մեջ։

Կովկաս վերադառնալով, նա նվիրվեց ազգային-հասարակական գործունեության, հանդիսացավ հայկական նոր շարժման նախաձեռնողներից մինը, եղավ Դաշնակցության հիմնադիրներից մինը, և մինչև վերջին շունչը չդադարեց գործելուց։

Անցյալ տարի էլ նա եղավ առաջիններից մինը, որ շարժեց մեր հասարակությունը Հայկական դատի ու ինքնապաշտպանության գործի համար։

Իսկ Կուլտուրական ընկերությունը, որի հիմնադիրն ու հոգին էր նա։

Նա հայկական ռոմանտիզմն էր, որ ապրում էր Կասպից ծովի չոր ու ավազոտ ափերին և իր վերջին իղձն ու փափագն էր՝ Խաչատուր Աբովյանի արձանը, որ իր համար հոմանիշ էր հայության արձանին՝ տնկել Արարատյան դաշտում։


Ս. ԶԱՎԱՐՅԱՆԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԾԵՐԻՑ

Ս. Զավարյանի մասին խոսելիս ես նրան անվանել էի ազնիվ և անկեղծ։ Մահվան առաջին բոթի հետ առաջին խոսքերս էին, որ դուրս թռան իմ սրտից ափսոսանքի հետ։ Իմ կարծիքով էս հազվագյուտ հատկություններն էլ բավական են, որ մարդ սիրվի ամեն տեղ, բայց երբ սրանց վրա ավելանում են պարզ գիտակցությունն ու կյանքի իրականության զգացումը, նրան հիրավի դարձնում են շատ թանկագին։ Եվ Սիմոնի մեջ կար էս երջանիկ հատկությունների ներդաշնակությունը։ Էս էր պատճառը, որ նա միշտ կռվում էր մեզանում։ Եվ երբ նրան ասում են կռվող, ես ամենից առաջ հասկանում եմ կռվող մեր մեջ, մեր միջավայրում, ուր էնքան պակաս են կյանքի առողջ զգացումն և ազնվությունն ու անկեղծությունը։ Եվ էս կռիվը էնքան տաք ու անվերջ էր, որ նրան դարձրել էր շատերի համար անախորժ մարդ։