Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցույց տալիս։ Մի ժամանակ եթե հազվագյուտ էին աչքի ընկնող գործիչները մեզանում և հազվադեպ՝ նրանց մահերը, այժմ փոխված է դրությունը, և ինչքան էլ ցավալի լինեն, հնարավոր են էս տեսակի դժբախտությունները, որ կարճ միջոցում կորցնենք մի քանի գործիչ։ Ինչքան էլ վշտանանք, չպետք է հուսահատվենք։

Մենք համոզված ենք, որ դեռ շատ լավ գործիչներ կան մեր կյանքում, և ով գիտի նրանցից քանիսը նստած են հենց ձեր շարքերում։ Մենք հավատում ենք, որ մեր թիկունքին ամրացած է գործիչների նոր սերունդով, որ գալիս են ավելի մեծ բազմությամբ, ավելի պատրաստված ու ավելի եռանդով։

Էս զվարթ գիտակցությամբ էլ բաց ենք անում մեր գրական երեկոների երկրորդ շրջանը, երգերով ու պայծառ հայացքով ենք նայում դեպի հայի ապագան։

Արդեն գրեթե ամբողջ մամուլը նկատել ու նշանակել է, թե Հայոց գրական ընկերության գոյությունը մի տարվա ընթացքում ինչ ազդեցություն արավ մեր կյանքում։ Պոլսից սկսած մինչև Բաքու, և ամենուրեք, ուր խմբված են մեր մտավորականները, առաջ եկավ մի ընդհանուր շարժում, հաճախացան գրական զրույցներն ու երեկույթները, մեծացավ սերն ու հետաքրքրությունը դեպի գրականությունը։

Հայոց գրի ու տպագրության համազգային հոբելյանն էլ եկավ ամբողջ ազզին հիշեցնելու գրականության կենսական նշանակությունը և վերջնականապես համոզելու, թե մի ազգ շատ կարող է կորցնել աշխարհքում, բայց դարձյալ կապրի իր ազգային կյանքով ու կզորանա, եթե ունի իր սեփական գիրն ու գրականությունը։

Համազգային էդ Մեծ Տոնի առիթով Ընկերության վարչությունը կոչ արավ մեր հասարակությանը՝ ընդհանուր ուժերով զորացնել գրական ֆոնդը, բայց նրա կոչին անմիջապես հետևեցին նոր հիշած դժբախտ դեպքերը, սկսած հանգանակությունը կանգ առավ մի առժամանակ, և հույս ունենք՝ նորից ընթացք կառնի նոր թափով։