շահերը դասագրքեր, ժողովածուներ կազմողների, հրատարակչական մարմինների և պարբերական հրատարակությունների դեմ։ Խնդիրը լուրջ է և հասունացած, ժամանակն է, որ վճռվի մի ձևով։ Եվ էս կարևոր խնդրի տերն ու պաշտպանը, բնականաբար, պետք է լինի Հայ գրողների ընկերութ<յունը>, բայց փոխանակ անձամբ ինձ դիմելու, խնդրում եմ մեր գրողներին՝ էդ տեսակի դիմումները իրենց կարծիքի և պահանջի հետ միասին ուղղեն Գրողների ընկերության վարչության։
Հայ գրողների ընկերությունը իր կոչումով ու կանոնադրությամբ պարտավոր է պաշտպանել հայ հեղինակի իրավունքը։
Տիկիններ և պարոններ.
Բաց ենք անում Հայոց գրողների ընկերության գրական երեկույթների երկրորդ շրջանը։
Բաց ենք անում մի քիչ ուշ, որովհետև Հայոց բարեգործական ընկերությունը վերանորոգում էր իր դահլիճը, ուր տեղի են ունենում մեր գրական երեկույթները, վերջերս էլ վրա հասան ամենքիդ հայտնի տխուր դեպքերը, իրար ետևից կարճ միջոցում մեռան մեր հայտնի գործիչներից երեքը, որոնց հիշատակը հարգել ենք։
Սրանց մահը էնքան ծանր տպավորություն արավ հասարակության վրա, որ մամուլը նույնիսկ հուսահատության խոսքեր ասավ։
Բայց գրականությունը, որ հանդիսանում է ազգային ոգու արտահայտությունը, անծանոթ է հուսահատությանը, և գրականության ընկերության մեջ էլ չեն կարող արտասանվել նույն խոսքերը, թե եղածները գնում են ու նրանց տեղը մնում է բաց, մինչդեռ կյանքն ու հենց էդ մահերը հակառակն են