իրավունքի խնդիրը և հայտնելով, թե առաջին անգամ ես հանդես դրի էդ խնդիրը պարոն Ն. Տեր-Ղևոնդյանի հետ վարած մի վիճաբանությունով ու պատճառ եղա իմ երկերը «Մայրենի լեզվից» հանելուն, հանգում է էն եզրակացության, թե դրանից տուժեցին մեր մատաղ սերունդից հարյուրավորները, որոնք զուրկ են մնում իմ բանաստեղծություններից։
Ստիպված եմ նկատելու, որ մեր պատկառելի մանկավարժը, անկասկած ակամա, մոռանում է մի շատ կարևոր հանգամանք, և էդ պատճառով էլ հասնում է սխալ եզրակացության։
Թե՛ պարոն Տեր-Ղևոնդյանի հետ վիճելիս և թե նրանից հետո ես չեմ արգելել իմ երկերի արտատպությունը անպայման կերպով, այլ պահանջել եմ, որ թե՛ արտատպությունը, թե՛ փոփոխությունը կատարվեն իմ համաձայնությամբ և իմ թույլտվությամբ։
Պարզ է, որ էս ձևով ոչ մատաղ սերունդը կտուժի ու կզրկվի, ոչ էլ հեղինակն ու գրականությունը։ Էս դեպքում եթե մի նեղություն կրող կա՝ արտատպողը կամ դասագիրք կազմողն է, որ երկը արտատպելիս կամ փոփոխելիս պետք է առնի հեղինակի հոժարությունը։
Եթե մի վիճող կա սրա դեմ, համեցե՛ք, էս հրապարակը, էս էլ ես։ Բայց մեր մարդիկ առհասարակ շատ գործնական մարդիկ են։ Փոխանակ հեղինակի հետ էս տեսակ սկզբունքային վեճերի կամ համաձայնության գալու, ուղղակի դիմում են գործի՝ թալանել հեղինակին առանց ուշ դարձնելու նրա բողոքին։ Էսպես էլ շարունակում են և կշարունակեն, մինչև որ գարադավոյ չկանչեք։
Պարոն Տեր-Ղևոնդյանը գոնե էնքան մարդավարություն ունեցավ, որ նշանակություն տվեց իմ բողոքին։ Բայց նրանից դուրս քանի՞սն են արտատպում և նրանցից քանի՞սն են հարցնում հեղինակի կամքը։
Եվ բավական չի, որ իրենք չեն հարցնում, դեռ տեսեք թե ինչ են պատասխանում, երբ հեղինակն է դիմում իրենց։
Անցյալները մեր նոր շնորհալի գրողներից մինը, պարոն Խնկոյանը, վրդովված գանգատվում էր ինձ մոտ, թե դասագիրք