Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի երկու թե երեք հոգի, էդ էլ եղել են «Հորիզոնի» մարդկանցից։

Սակայն էս իրողությունն էլ չփակեց Հ․Առաքելյանի ստերով ու չարությունով լիքը բերանը, սրանից հետո էլ նա միացավ մի ոմն Կարա-Դերվիշի հետ ու սկսեց աշխարհքով մին գոռալ, իբր թե Հայ գրողների ընկերությունը իր ընդհանուր ժողովում սևացրել է Շիրվանզադեին։ Նրա և իր ընկերի առջև դրին փաստը, թե Շիրվանզադեն արդեն գրված է Ընկ<երության> հիմնադիրների շարքում, նրան ոչ քվեարկել են, ոչ սևացրել։ Այսուամենայնիվ նա շարունակեց իր զրպարտություններն ու թշնամությունը ընկերության դեմ։ Բերանն առավ Բաքվի թուրքական «Каспий» թերթի մի չար խոսքը, թե Հայ գրողների ընկերությունը պետք է կործանվի, ու մինչև էսօր էլ ամեն առիթից օգտվելով աշխատում է էդ դիվական ճանապարհով։

Մի թերթ, որ ամիսներով իր ընթերցողներին զբաղեցնում է իր նյութականի հաշիվներով, մի թերթ, որ շաբաթներով կերակրում է մարդկանց իր շնորհավորականներով ու ամիսներով իր էս կամ էն մոտիկ մարդու մահվան շուրջը հարուցած ղալմաղալներն է տաքացնում ու լցնում խալխի առաջը իբրև ընթերցանության նյութ, մի թերթ, որ օտար գրողների ու գրականության մեջ կատարված երբեմն նույնիսկ ամենաչնչին դեպքերն է հիշատակում, մի թերթ, որ տպում է, թե իր խմբագիրներն ումից նամակ ստացան կամ ուր գնացին ու եկան, վերջապես մի թերթ, որ հազար ու մի դատարկ անկարևոր բաներ է տպում, ոչ միայն չուզեց խոսել Հայ գրողների ընկեր<ության> գործունեության մասին, նրա ընդհանուր ժողովների ու նրա հրապարակական գրական երեկույթների մասին, մի բան, որ իր կոչումով նույնիսկ պարտավոր էր անելու, այլև շարունակ վերադարձրեց Ընկերության երեկույթների համար տված լուրերը՝ մի երկու տող, թե էս ինչ օրն էս է լինելու, և մինչև անգամ փողով չէր ուզում տպել Ընկ<երության> հայտարարությունները։