մեզ քաջ ծանոթ դանոսչիկն է, միայն թե ուրիշ ասպարիզում, հրապարակախոսության մեջ, որ իր դանոսը տալիս է հասարակությանը։ Սա էն վատթար տիպերից է, որոնք աշխատում են հասարակական հիմնարկությունները, գործերն ու գործիչներին և անհատներին վատաբանեն, անվանարկեն, ինչպես ու ինչքան կարող են, հասարակությունը գրգռեն նրանց դեմ ու իրենք միշտ մնան մթության մեջ, մի որևէ տառի կամ բառի տակ թաքնված։ Մի շատ զզվելի տիպ, որ կարող է առաջ գալ ու զարգանալ միմիայն վատ մթնոլորտում ու վատթար մամուլի մեջ։ Թե չէ, եթե սա կարգին մարդ լիներ, անշուշտ ամենից առաջ պիտի մտածեր՝ էս երեկույթների նկարագրությունները ես միշտ կարդացել եմ, դրանք եղել են դասախոսությունների ու վիճաբանությունների համառոտությունները, ուրեմն դրանցից ավելին ասված ու խոսված են էստեղ։ Հո խմբագրատներում չեն հնարել ու տպել։ Էդպես մի բան եղել է։ Եվ եթե էս նոր տարվա իրիկունը էսպես է, ուրեմն ես չեմ ընկել սովորական դասախոսության երեկոյին, հետևաբար չեմ էլ կարող էսօրվա տպավորությունը տարածել ամբողջ գործունեության վրա։ Կամ թե չէ, եթե տեսավ՝ մարդիկ են, ամենագետներ հո չեն, չեն հասկանում, թե ինչու են դրել խնդիրն ու ինչպես մոտենան, ինքն էլ գրող է, վեր կկենար, ձայն կխնդրեր, կասեր՝ պարոննե՛ր, էդպես չի, էսպես է։ Բայց չէ, նա չէ ասել, տեսել է, որ դուք չգիտեք, դեռ մի կողմից էլ ուրախացել է, իր իմաստությունն էլ հետը տարել…
Եվ ես ձեզ հաստատ կարող եմ ասել, որ դուք նրանից խելքը գլխին մի բան իսկի չեք էլ իմանալ, նա լոկ մի չարախոս է, ուրիշ ոչինչ։
Էս դատարկ չարախոսին իբրև պատասխան «Կովկասի լրաբերը» առաջ էր բերել ռուսների մեջ նորերս պատահած մի դեպք, թե ինչպես Պետերբուրգ, ռուս նշանավոր գրողներ ու գիտնականներ հավաքվում են, խոսում, վիճում թատրոնի վրա ու չեն կարողանում դալ մի վերջնական եզրակացության։ Եվ ռուս թերթը՝ «Peчь», շատ պատկառանքով խոսելով