գրական երեկույթները կարող են նրանց անբարոյականացնել…
Եթե էդ կարծիքին լիներ, Թիֆլիսում շարունակ դասախոսություններ են լինում, ու աշակերտությունն էլ միշտ հաճախում է, չէ՞ որ կբողոքեր դրանց դեմ։
Սանինիզմի ու սեռական խնդիրների վրա են դատ ու դասախոսություն կազմել, քննել, վիճաբանել նույնիսկ հենց իրեն, էդ Հ. Առաքելյանի նախագահությամբ, աշակերտ-աշակերտուհիները լիքը կանգնած են եղել թամաշավոր, և դա դուրս է եկել ու հրճվանքով նկարագրել էդ ամենը… Իսկ էսօր վեր է կացել «մտրակում է» (մտիկ արեք) ու Հայ գրողների ընկերության «երեսին է շպրտում» թե՝ «դուք անբարոյականացնում եք մեր մատաղ սերունդը գրական երեկույթով»։
Հասկանո՞ւմ եք սրան։
Եվ մի՞թե կարելի է երևակայել որևէ ավելի մեծ անբարոյականացնող, քան էս մարդն է իր իբրև թե հրապարակախոսությունով, քան էս մամուլն է էս տեսակ հրապարակախոսներով, որ հիրավի անբարոյականացնում է և մատաղ սերունդը, և հասուն սերունդը։
Չկա և չի կարող լինել։ Եվ մեծ հրճվանքով պարզ տեսնում ենք, որ մեր կյանքում առաջ է եկել մի նոր ինտելիգենցիա, որ շատ է տարբերվում իր նախորդ ինտելիգենցիայից ոչ միայն իր ավելի լուրջ պատրաստությունով, այլ իր բարոյական շատ ավելի պայծառ կերպարանքով։ Ահա նա է գլխավորապես, որ էսօր խոսում է ոչ միայն Հայ գրողների ընկերության գրական երեկույթներին, այլ գրեթե ամեն մի հայաբնակ քաղաքում։ «Մշակը» ուրախ թմբկահարում է, թե Հայ գրողների ընկերության մեջ էլ է պատահել, որ խոսել են անվայել ոճով։ Նա ինքը չի ասում թե քանի ժամանակում, քանի անվայել խոսք և հատկապես ինչ խոսք է եղել, բայց ես կասեմ։ Երկու տարվա վիճաբանությունների ընթացքում վիճաբանողներից մինն ասել է, թե՝ «մինչև այժմ հայտնված կարծիքները ինձ համար անարժեք են հետևյալ պատճառներով…»։