երկինք գցել ու երջանիկ կռկռալ հեռու գտնվող դալարի ու ծաղիկների մասին։ Չպետք է լինի էս ցեխը, ահա առաջին պահանջը։ Ինչպես ամեն բան, էնպես էլ մարդկային բարքի վատությունը մի չափ ու սահման պիտի ունենա, թե չէ բարքերի ապականության մեջ միշտ կարող են խեղդվել ամեն վեհ ու վսեմ հղացումներ ու գեղեցիկ գործեր ու մենք էլ միշտ կմնանք մի ժողովուրդ, որին չի կարելի սիրել։ Պետք է կանգ առնել վերջապես ու հաշիվ տեսնել։
Դատ մեզ վրա, ինքնաքննադատություն խիստ ու անողոք։ Եվ դոկումենտներով, այո՛, դոկումենտներով, որովհետև Հ․ Առաքելյանի ու նմանների շնորհիվ, ավա՜ղ, մեր մեջ խոսքը կորցրել է իր արժեքն ու իմաստը։
Բայց ահա Հ. Առաքելյանն էլ է դոկումենտներով սպառնում։ Ճշմարիտ, ես շատ կուրախանայի, եթե իմանայի աշխարհքում գոնե մի բան կա՝ դոկումենտը, որի առջև կարող է կանգնել ու պատկառել էս մարդը, բայց տեսել եմ դառը փորձով, որ նա դոկումենտի վրա էլ է ծիծաղում։ Եվ մարդ ակամայից հարց է տալիս, թե ի՞նչ կնշանակի սրա-նրա բերանում դոկումենտ։ Դժար է էս հարցի պատասխան գտնելը, բայց ավելի զարմանալին էն էր, որ Հ. Առաքելյանը գրեց ու տակն էլ ստորագրեց («Մշակ», № 11), թե առայժմ իր լեզվի, իր բերանի վրա փականք կա դրած…
Բայց ի՞նչը կարող է փակել Հ․ Առաքելյանի բերանը, ե՞րբ է փակվել նրա բերանը։
Նա մի՞թե չգիտի, թե ինչ աշխարհքում է ապրում և ինչեր է ասել ու ինչեր է արել անպատիժ, և ոչ ոք չի փակել իր բերանը։
Իհարկե, գիտի, և լավ գիտի։
Նա լավ գիտի, որ եթե մի Ս. Զավարյանի դագաղի ետևից տասնյակ հազարով սգավոր ժողովուրդ է գնում, էդ դեռ էն ժողովուրդը չի, որ իրեն բերանը փակի, և էդ նույն Զավարյանի դեմը, երբ նա կես կուշտ, կես քաղցած թափառելով Տաճկաստանում տանջվում էր հայոց դպրոցների վրա, կարող էր գրել ու գրգռել ժողովրդին, թե դրան փող ու երեխա մի հավատաք։ Եվ ոչ ոք չփակեց իր բերանը։