Եվ կամ Ղ․ Աղայանի նման մի գրողի ու մարդու դեմ ամենաանլուր լուտանքներ ու զրպարտություններ կարող էր տեղալ և իր բերանը փակող չէր լինիլ։ Եվ հենց խմբագրատան ճանապարհին ընկավ Հ. Աղայանը ու ծոցից հանեցին էն հերքումը, որ տանում էր տալու սրա և նրա գրչակիցների դեմ, թե ինքը մարդասպան չի։ Եվ ո՞վ վրդովվեց։
Անշուշտ, եթե տգետ ու քաղցած թշվառականի մինը գիշերվա խավարի մեջ հարձակվեր հայոց գրողների ու գործիչների վրա ու խլեր մի քանի ռուբլի կամ փետով հարվածեր մեկին կամ մյուսին, կամ դանակով վիրավորեր, ամբողջ հայ ազգը պետք է վրդովվեր ու խիստ պատիժ պահանջեր ավազակի համար, բայց էստեղ, երբ օրը ցերեկով, հրապարակում ամենքի առաջ իրար հետևից նրանց հասցնում են բարոյական ծանր հարվածներ ու վիրավորանքներ, երբ ճգնում ու տքնում են ցեխը կոխել նրանց անունները, որ ինչպես նրանց, էնպես էլ հենց էդ ժողովրդի ամենաթանկ հարստությունն է, էս արդեն ավազակություն չի, էս հայկական հրապարակախոսություն է։
Եվ էս բոլորը գիտե Հ. Առաքելյանը, ու գիտե, որ իրեն էլ ուրիշ բան չեն անվանում, այլ հրապարակախոս։ Էլ ի՞նչը պետք է փակեր սրա բերանը՝ իմ դեմը խոսելու։ Եվ մի՞թե մի բան է մնացել, որ ասած չլինի։ Սա մինչև անգամ գրել է իմ մասին, թե ես մամուլի մեջ կոչ եմ արել իրեն սպանելու և սպանողներն էլ պետք է լինեն «Հորիզոնի» մարդիկը («Մշակ», 1911, № 238)։ Էս ասողի բերանն էլ ի՞նչը կարող է փակել։
Բարեբախտաբար մի երկու օր տևեց միայն Հ. Առաքելյանի ակամա ասպետությունը և փարատվեց աշխարհքի տարակուսանքը։ «Մշակի» № 22-ում հայտարարեց, թե «…ամբողջ աշխարհքի համակրությունն էլ անկարող կլինի մեզ ետ պահել մերկացնելու և հրատարակության տալու այն տգեղ փաստերը, որ մենք ունենք մեր ձեռքի տակ…»։
Եվ ահա ձեռքերն էլ, բերանն էլ ամեն կապանքից ազատ Հ. Առաքելյանը, ամեն դատից ու դատապարտությունից ազատ