Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրից էդ կարմիր մղձավանջը, և կարո՞ղ ենք այսուհետև հանգիստ սրտով նվիրվել կուլտուրական աշխատանքի ու ավելի լայն խնդիրների։

Ո՞վ գիտի։

Չնայելով հայոց կաթողիկոսի ու նրա ներկայացուցիչ Նուբար փաշայի շնորհավորական հեռագիրներին՝ հայ ժողովուրդն ամեն տեղ էս հարցի դեմը խորին լռություն է պահպանում, ծանր ու իմաստուն մի լռություն, իսկ երիտասարդ թուրքերը Ռուսաստանի սահմանի վրա զորահանդեսներ են սարքում։

Այո՛, գուցե վերջը չի հայկական հարցի, բայց վերջի սկիզբն է։ Դրա համար էլ խորհրդավոր է և էն համատարած խլրտումը, որ նկատվում է մեր կուլտուրական կյանքում՝ դպրոցի, գրականության, գիտության ուսումնասիրության ու բանասիրության ասպարեզներում։ Սա էլ սկիզբն է մի նոր վերածնության, որի համար մենք բավականաչափ ուժեր ու տրամադրություն ունենք արդեն։

Հինը ենթարկվում է վերագնահատության, առաջադրվում են նոր, ավելի լուրջ պահանջներ, և ամենամեծ պահանջը՝ պարզ հասկանալ…

Պարզ հասկանալ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր գրականությունը, մեր պատմությունը ու մեր պատմական հիշատակարանները։ Մինչև այժմ նրանք խոսել են մեր սրտի հետ, և մենք սիրել ենք զգացմունքով, անխտիր, հախուռն, առանց հասկանալու, թե ինչ ենք սիրում և ինչու, այժմ գալիս է ժամանակը նրանց էությանը ներհմուտ լինելու, նրանց լեզուն ու միտքը հասկանալու, և էդ նպատակի համար են և Գրական ընկերություն, և Ազգագրական ընկերություն, և Պատմական ընկերություն, և Երաժշտական ընկերություն, և ուրիշ նման ընկերություններն ու մասնավոր ձեռնհաս անհատների ջանքերը։

Էս ճանապարհին ինչպես կլինեն շատ հայտնություններ ու հիացումներ, էնպես էլ անխուսափելի են շատ հիասթափություններ, բայց էս է հաստատ ու ճշմարիտ ճանապարհը։