Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության, միմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ։

Ահա՛ նրանցից մեկը՝ ճարտարապետ Թորոս Թորամանյանը, տասնումեկ տարի լուռ ու մունջ, հազար ու մի զրկանքով հայոց ավերակներում աշխատելուց հետո, վերջապես հրապարակ է գալիս խոսելու հայոց ճարտարապետության, նրա ծագման, զարգացման ու հարաբերությունների մասին։ Եվ երկու նշանավոր գիտնականներ էս տեսակ վկայություն են տալիս նրա համար։ Պրոֆեսոր Մառը իր մի աշխատության մեջ վկայում է, թե պարոն Թորամանյանը հայոց ճարտարապետության հիշատակարանների լեզվի առաջին ուսուցիչն է։ Իսկ պրոֆեսոր Ստրիժիգովսկին ասում է. ճարտարապետ Թորամանյանը մի մեծ նորություն է բաց անում ամբողջ Եվրոպայի առջև։

Պետք է լսենք ու պաշտպանենք հայոց ճարտարապետական հիշատակարանների լեզվի առաջին ուսուցչին, թև ու թիկունք պետք է լինենք մեր ազգային ստեղծագործական հանճարը հայտնագործող ու վեր հանող վաստակավորին։


ՄԻ ՊԱՅԾԱՌ ՇԻՐԻՄ

Մայիսի 15-ին, Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին, Թիֆլիսի հասարակությունը, առանց ազգի, ցեղի խտրության, Հայ գրողների ընկերության առաջնորդությամբ,