վարդերով ու երգերով գնում է բաց անելու Սայաթ-Նովայի մահարձանը։ Գերեզմաններ կան, որ պայծառ են, ժպտում են մարդկանց սրտերին մի խոր հավիտենական ժպիտով ու ասես թե կյանքը հաշտեցնում են մահի հետ։
Էս տեսակ մի պայծառ գերեզման է Սայաթ-Նովայի գերեզմանը, ամբողջովին հաշտություն ու սեր է բուրում, ու միշտ էլ ժպտալու է ամենքին, ու միշտ էլ կրկնելու է ամենքին.
|
Միշտ կենդանի մի գերեզման, և կենդանությունը պայծառ, քնքուշ ու ազնիվ։
Հայոց գրողների ընկերությունը, ի նկատի առնելով, որ մեր ինքնաճանաչության համար անհրաժեշտ է մեր հարևան ժողովուրդների հետ ծանոթանալը, որոշել է իր գրական երեկույթների շարքում առանձին երեկույթներ հատկացնել նրանց պատմությանը, գրականության ու գեղարվեստին, պարզել ու հասկանալ նրանց ու մեր փոխադարձ ազդեցություններն ու հարաբերությունները։
Իհարկե, սրանք դեռ հարևանցի ու ընդհանուր ծանոթություններ են տակավին և Գրողների ընկերության էս սկզբնական զործունեությունը ավելի նման է մի հախուռն հարձակումի, որ առայժմ կարող է մեր նոր զարթնող հասարակության անմշակ ուշքն ու միտքը գրավել ու տանել մի կուլտուրական ուժեղ հոսանք առաջ բերելու համար, նրանից հետո կգան մասնական ու մասնագիտական խոր ուսումնասիրությունները։