ձենները ու սխրալի գործեր են կատարում։
Ինչո՞ւ։
Ինչուի պատասխանը պարզ է, որովհետև ի սկզբանե մեծությունը իրենց էությունն է, ոգևորությունը իրենց շունչն է, և շնորհքն ու կարողությունը իրենց հատկությունը։
Էդ տեսակ նորածինները իրենց մեջ կրում են իրենց ծնող ժողովրդի ոգին ու ձգտումը, և ահա դրա մեջն է նրանց ինչպես ուժի, էնպես էլ սիրված լինելու գաղտնիքը։
Ոչինչ, եթե նա էսօր դեռ սեփական տուն չունի ու ստիպված է տեղից տեղ թափառել կամ տանել զանազան անհարմարություններ։ Էսօր չունի, վաղը կունենա։
Ոչինչ, եթե նա տակավին չի կարող համախմբել ու արժանավայել կերպով զորացնել հայոց գրողների, գեղարվեստագետների ու գիտնականների սահմանափակ շրջանը։ Էսօր չի կարող, վաղը կկարողանա։
Նույնիսկ ոչինչ, եթե իր մանկության առաջին օրերից հակառակորդներ ունեցավ իր դեմ։ Հետզհետե նրանք էլ կլռեն, և վաղը-մյուս օրը էլ ոչ մի հակառակորդ չի ունենալ։
Գլխավորը էն համատարած սերն ու հարազատի տաք զգացմունքն է, որով այժմ շրջապատված է Հայոց գրողների ընկերությունը, գլխավորը մեզանում չտեսնված էն փաստն է, որ նրա պարբերական գրական երեկույթներին միշտ դահլիճը բերնեբերան լցրել է հասարակությունը, և հաճախ Ընկե<րության> վարչությունը ստիպված է եղել ժողովրդի հորդ հոսանքի առջև դադարեցնել տոմսակների վաճառումը։
Եվ ահա սեզոնի վերջին երեկույթը ու էս վերջին երեկույթի օրը պետք է հրճվանքով ու հպարտությամբ խոստովանել, որ մենք էսօր ունենք մի նոր, երիտասարդ ինտելիգենցիա, որի նմանը չենք ունեցել, նկատում ենք մի լայն, պայծառ կուլտուրական շարժում, որի նմանը չենք տեսել, զգում ենք մի համատարած, ջերմ, հարազատ շունչ, որ վաղուց է չենք զգացել։
Էս ամենին համոզված՝ Հայոց գրողների ընկերությունը հրճվանքով կփակի իր ներկա սեզոնի գրական երեկույթների շարքը ու պայծառ հույսերով կսպասի նոր սեզոնի բացմանը։