Պայթեց փոթորիկը, ծանր զգացումին հետևեցին ահավոր ցնցումն ու իրարանցումը, էս էլ կանցնի, կբացվի պայծառ արևն ու կժպտա խաղաղ օրը, բայց անցնելուց հետո էլ՝ երկար-երկա՜ր քաղաքակիրթ աշխարհը կզբաղվի էս չտեսնված պատերազմով և, թերևս, էս սեպտեմբերը, որ ապրում ենք, պատմության մեջ մնա «սոսկալի սեպտեմբեր»։ Ասես թե էլ սովորականի նման զորաբանակներն ու զորավարները չեն, որ վեր են կացել իրար վրա, այլ ժողովուրդները իրենց ամբողջ ազգային ուժով ու կարողությամբ։ Եվ որովհետև ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ՝ ամենայն համարձակությամբ կարող ենք էսպես ասենք, թե ազգերի դյուցազունները՝ սերբական Մարկոն, գերմանական Զիգֆրիդը, ֆրանսիական Ռոլանդը, անգլիական Բեովուլֆն ու ռուսական Մուրոմցի Իլիան են առասպելների աշխարհից դուրս եկել մեր առաջ, ու մենք հանդիսատես ենք էս հսկաների կռվին։ Եվ տեսեք թե ի՜նչքան հարազատ են գծված ու բնորոշված սրանցից ամեն մինը։
Ահա գերմանական հուժկու Զիգֆրիդը, վեր է կացել՝ ձեռքին չեղած ամրության էն սուրը, որ դարբնել էր աշխարքի անհուն գանձերը մենակ տիրապետելու համար…
Ահա ֆրանսիական քաջարի Ռոլանդը, որոտագին հնչեցնում է իր հսկայական օլիֆանտը (փողը), օգնության է կանչում ֆրանսիական ազգային զորությունը՝ պաշտպանելու չքնաղ Ֆրանսիան…
Ահա սերբական ըմբոստ կտրիճը, արքայազն Մարկոն, իր Շարացի վրա, աջ ու ձախ ջարդելով՝ խորը մեխվել է սերբական ազգից շատ ավելի ուժեղ թշնամու բանակը, լողում է արյան մեջ ու աղաղակում է՝ էլ ի՞նչ անեմ, տե՛ր աստված…
Ահա անգլիական ազգային հսկան, ծերունի Բեովուլֆը, որ լողալու արտասովոր ընդունակություն ունի և մայր ցամաքն է դուրս գալիս՝ ժողովուրդներին իր հրեղեն շնչով սպանող մի վիշապի դեմ, նրան խորտակելու և նրա հավաքած անհուն գանձերը իր ազգին տանելու համար…
Ահա վերջապես և ռուսական վիթխարի գյուղացին, ծերուկ Իլյա Մուրոմցին, հայրենիքին սպառնացող վտանգի առջև