Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու կարեկցություն, ինչպես հավաստիացնում են եկած տեղեկությունները։

Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ։


ԿՈՎԿԱՍԻ ՄԵԾ ՈՐԴԵԳԻՐԸ

Մեծ է Կովկասը, արևելքի ու արևմուտքի, հարավի ու հյուսիսի մեջտեղը կանգնած հին հսկան։ Աստվածների բնակավայրեր են եղած նրա երկնահաս բարձունքները։ Նրանց ստորոտների վրա հանգչում են հին դարերի ու հին ժողովուրդների գերեզմաններն ու ավերակները, տներն ու տաճարները, իսկ գագաթները շողշողում են ամպերից վերև, արևին ու աստղերին ճակատ առ ճակատ։

Մեծ բան է՝ լինել Կովկասի որդեգիրը։

Հազար հազարավոր մեծ մարդիկ են եկել անցել Կովկասից, բայց նրանք բոլորը Կովկասի համար եղել են անցվորներ, ախոյաններ, բարեկամներ կամ հյուրեր, իսկ որդեգիր՝ նա շատ քիչ է ունեցել։

Էդ երջանիկ քչերիցն եղան երկու մեծ ռուս բանաստեղծները – Պուշկին և Լերմոնտով։ Արդյոք հարավի ու լեռնաստանի ժառանգական արյո՞ւնն էր, որ խոսեց նրանց մեջ, թե՞ ջինջ ու հստակ մեծություններին ձգտող բանաստեղծի ոգին, ո՞վ գիտի, թերևս և՛ մինը և՛ մյուսը, բայց նրանք Կովկասը սիրեցին, Կովկասը նրանց, ու մեծ Կովկասին մեծ որդեգիրներ եղան հավիտյանս հավիտենից։

Եվ ահա էսօր լրանում է ռուս ժողովրդի մեծ զավակներից մեկի և Կովկասի մեծ որդեգիրներից մեկի՝ Լերմոնտովի ծննդյան հարյուրամյակը, բայց պատերազմի պատճառով հետաձգվում է էդ պայծառ, էդ ցանկալի տոնը, որ Ռուսաստանի մի ծերից մինչև մյուսը պետք է խնդացներ ու թնդացներ շատ միլիոնավոր սրտեր ազնիվ ու խոր զգացմունքներով առանց ազգի ու ցեղի խտրության։